Բանակում զոհվածների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված Գասպարին ձերբակալվել է

Your browser doesn’t support HTML5

Ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարին ձերբակալվել է, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նա կասկածվում է խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ՝ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի առաջին մասի եւ 316 հոդվածի առաջին մասի հատկանիշներով։

Նա բերման ենթարկվեց բանակում զոհված զինծառայողների ծնողների եւ «Բանակն իրականում» նախաձեռնող խմբի այսօրվա ակցիայի ժամանակ Կառավարության շենքի մոտ Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ կապված միջադեպի առնչությամբ։

Երբ Ալիկ Սարգսյանը դուրս եկավ կառավարության նիստից, մի խումբ ցուցարարներ նրան դիմավորեցին «ամոթ, ամոթ» բացականչություններով։ Այնուհետեւ ոստիկանապետին ուղեկցող իրավապահները կառավարության շենքի դիմացի մայթին շղթա կազմած ցուցարարներին հրելով փորձեցին ճանապարհ բացել դեպի ոստիկանապետի մեքենան, որպեսզի Ալիկ Սարգսյանը կարողանա մոտենալ դրան։ Սկսվեց հրմշտոց։ Առանձնապես բարձր բղավողների թվում էր Վարդգես Գասպարին։

Ալիկ Սարգսյանի հեռանալուց հետո, երբ երթը պատրաստվում էր շարժվել դեպի նախագահի նստավայր, ոստիկանները շրջապատեցին ցուցարարներին եւ Գասպարիից պահանջեցին իրենց հետ գնալ բաժանմունք, նա չհամաձայնեց, ընկավ գետնին եւ որքան էլ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փորձում էր թույլ չտալ Գասպարիին բռնի ուժով բերման ենթարկել, ոստիկանները ոլորեցին ակտիվիստի ձեռքերը եւ մտցրեցին մեքենան ու տարան։

Բողոքի երթը լարված մթնոլորտում շարունակվեց դեպի Հանրապետության նախագահի նստավայր, սակայն զոհված զինծառայողների ծնողներին ու ակցիայի մյուս մասնակիցներին արգելվեց մոտենալ նստավայրի ցանկապատին։ Նրանք կանգնեցին փողոցի մյուս մայթին, քանի որ ոստիկանական շղթան որեւէ մեկին թույլ չէր տալիս փողոցը անցնել, ինչը պարբերաբար հանգեցնում էր հրմշտոցի: Տարածքը հսկող ոստիկանները նույնիսկ հրեցին սեւազգեստ կանանցից մեկին։

Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հիմնավորեց, որ նախագահի նստավայրին մոտենալ չի կարելի, որովհետեւ հավաքների ազատության մասին նոր օրենքով սահմանված են անվտանգության գոտիները: Ի դեպ, ոստիկանների թիվը զգալիորեն գերազանցում էր ցուցարարների թվին, ինչը ակցիայի մասնակիցները գնահատում էին որպես «վախի մթնոլորտի» տարածում։

Բանակում զոհվածների ծնողները, իրենց որդիների նկարները պարզած, նախագահին կոչ էին անում «լայն բացել աչքերը», տեսնել թե` իրենց բնորոշմամբ ինչպես են կոծկվում հանցագործությունները եւ նպաստել, որպեսզի պատժվեն իրենց որդիների մահվան մեջ իրական մեղավորները։ Զոհված Արտակ Նազարյանի մայրը զինդատախազին կոչ էր անում ընդունել, որ սխալվել են իր որդու «սպանությունն ինքնասպանություն որակելու հարցում»։ Մյուս ծնողներն էլ հայտարարում էին, որ եթե զինված ուժերում սկսել են պայքարել հանցագործությունների դեմ, ուրեմն դա պետք է լինի ոչ թե ցուցադրական, այլ իրական պայքար։

Բողոքի ցույցի դուրս եկած ծնողներին այսօր ո՛չ նախագահի աշխատակազմից, ո՛չ պաշտպանության նախարարությունից որեւէ մեկը չմոտեցավ:

Your browser doesn’t support HTML5

Վարդգես Գասպարին ձերբակալվել է