Մուամար Քադաֆին սպանվել է

Լիբիայի Ազգային անցումային խորհրդի տեղեկատվության նախարար Մահմուդ Շամանը եւ եւս երկու խոսնակներ հայտարարում են, որ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին սպանվել է:

Հեռուստաընկերությունները ցուցադրում են սպանված մարմին, որը ենթադրաբար Մուամար Քադաֆիինն է:

Լիբիայի տեղական հեռուստաընկերությունը րոպեների տարբերությամբ նախ հաղորդեց, որ ապստամբների կողմից գրավված Սիրթ քաղաքում բռնել են Մուամար Քադաֆիին, քիչ անց հաղորդվեց, որ նա սպանված է:

Միջազգային լրատվամիջոցները աշխարհով մեկ տարածեցին այսօրվա թիվ մեկ լուրը, բայց առաջին պահերին Լիբիայի ազգային անցումային խորհրդի մամուլի խոսնակ Մահմուդ Շամանը BBC-ին ասել էր, թե Քադաֆիի մասին լուրերը դեռ չեն հաստատվել:

«Մենք չենք կարող հաստատել, որ Մուամար Քադաֆին, կամ որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնյա ձերբակալվել եւ տեղափոխվել է Միսրատա: Մենք գիտենք, որ տեղական որոշ ռադիոընկերություններ դա հաղորդել են, բայց իրական հաստատումը պետք է լինի Ազգային անցումային խորհրդի կողմից», - նշել էր Շամանը։

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը եւս ասել է, թե չի կարող հաստատել Քադաֆիի ձերբակալվելու, կամ սպանվելու լուրը:

Մուամար Քադաֆիի հայրենի Սիրթ քաղաքը նրան հավատարիմ մնացած զորքերի վերջին հենակետն էր: Մեկ շաբաթ շարունակվում էր ապստամբների գրոհը քաղաքի վրա: Այսօր ավելի վաղ Ազգային անցումային խորհուրդը հայտնեց, որ Սիրթում գրավել են Քադաֆիին հավատարիմ ուժերի վերջին հենակետը:

Տեղական լրատվամիջոցները եւ անցումային խորհրդի պաշտոնյաները հաղորդում են, որ Քադաֆին Սիրթից հեռացող ավտոշարասյան մեջ էր, որը ռմբակոծվել է ՆԱՏՕ-ի օդուժի կողմից:

Անցումային խորհրդի պաշտոնյա Աբդել Մաջիդ Մլիգտան Reuters գործակալությանը ասել է, թե Քադաֆին մահացել է նրան բռնելու ժամանակ ստացած վերքերից:

ՆԱՏՕ-ի պաշտոնյաները ասել են, թե ստուգում են լուրերը:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ասել է, որ Քադաֆիին բռնելը մեծ լուր է, եւ եթե հաստատվի՝ նրա ճակատագիրը պետք է որոշի Լիբիայի ժողովուրդը: