Հայաստանը 6 կետով բարելավել է իր ցուցանիշը Doing Business զեկույցում

Համաշխարհային բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հրապարակած Doing Business 2012 զեկույցի համաձայն, Հայաստանը 6 կետով բարելավել է իր ցուցանիշը եւ աշխարհի 183 պետությունների շարքում զբաղեցնում է 55-րդ հորիզոնականը:

Նախորդ զեկույցում` Doing Business 2011, Հայաստանը 61-րդ տեղում էր:

Doing Business 2012 զեկույցը գնահատել է 2010թ. հունիս-2011թ. մայիս ընկած ժամանակահատվածում պետությունների կողմից իրականացված բարեփոխումները, որոնք դյուրացնում են տվյալ երկրներում գործարարությամբ զբաղվելը:

Ըստ զեկույցի, իր չորս հարեւաններից Հայաստանը զիջում է միայն Վրաստանին, որը Doing Business 2012-ում զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը: Ադրբեջանը 66-րդ տեղում է, Թուրքիան` 71-րդ, Իրանը` 144-րդ:

Հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը վեցերորդն է` Վրաստանից, Լատվիայից, Էստոնիայից, Լիտվայից եւ Ղազախստանից հետո:

«Հատկանշական եւ կարեւոր է, որ մենք մեր բարեփոխումների քանակով զբաղեցնում ենք առաջին տեղը։ 183 երկրների շրջանակում Համաշխարհային բանկը գնահատել է, որ 5 ոլորտներում մենք ունենք էական բարելավումներ եւ միակն ենք այդ 183 երկրների մեջ, որի 5 բարեփոխումներ գնահատվել են դրական: Մենք ԱՊՀ երկրներում այս ցուցանիշով երկրորդն ենք` զիջում ենք այսօր Ղազախստանին»,- կառավարության այսօրվա նիստում, անդրադառնալով Doing Business 2012 զեկույցին, նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Համաշխարհային բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից Doing Business զեկույցը հրապարակվում է յուրաքանչյուր տարի: Doing Business 2012-ը թվով իններոդն է: