Հազարից ավելի պաղեստինցի` Իսրայելի մեկ զինվորի դիմաց

Իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթը ազատ արձակվելուց հետո, 18-ը հոկտեմբերի, 2011թ.

Հազարից ավելի պաղեստինցի՝ Իսրայելի մեկ զինվորի դիմաց. արեւմտյան մամուլում փորձագետներից շատերը չափազանց մեծ են համարում Գիլադ Շալիթի համար վճարված այս գինը, սակայն Իսրայելում մեծամասնությունը ոչ միայն հավանություն է տալիս, այլեւ հպարտ է, որ իր ղեկավարությունը պատրաստ է անգամ այդպիսի զոհողության գնալ՝ սահմանները պաշտպանող ամեն մի զինվորի կյանքը փրկելու համար։

Համենայնդեպս, այդ են փաստում սոցիոլոգիական հարցումները, որոնց համաձայն` գործարքին կողմ է արտահայտվել իսրայելցիների 79, դեմ՝ 14 տոկոսը։

Ընդ որում, ինչպես տեղից փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի

Գազայի հատվածում տոնում են հարյուրավոր պաղեստինցիների ազատ արձակումը, 18-ը հոկտեմբերի, 2011թ.

թղթակից Արտյոմ Չերնամորյանը, սա առաջին այդօրինակ դեպքը չէ Իսրայելում. - «Նախկինում եւս եղել են մի քանի նմանատիպ պատմություններ, եւ յուրաքանչյուր անգամ Իսրայելը շատ մեծ գին է վճարում` վտանգելով նույնիսկ իր սեփական անվտանգությունը, քանզի ազատ են արձակվել այնպիսի ահաբեկիչներ, որոնց ձեռքերն իրոք որ արյան մեջ են, որոնք շատ հրեաների կյանք են խլել»։

Երեքշաբթի օրը «Համաս»-ը ազատ արձակեց իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթին, ով 2006 թվականից գերության մեջ է պահվել Գազայի գոտու` «Համաս»-ի կողմից հսկվող տարածքում։ Ի պատասխան դրան, Իսրայելը պարտավորվել է ազատ արձակել ավելի քան հազար պաղեստինցու, եւ նախօրեին այդ գործընթացը արդեն մեկնարկել է։

«Որոշումը շատ դժվարին էր, սակայն ես պարտավորություն էի զգում տուն վերադարձնել զինվորին, որին պետությունն էր մարտի դաշտ ուղարկել», - գործարքից հետո պարզաբանել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն։

Ավելի վաղ վարչապետը հատուկ նամակով դիմել էր «Համաս»-ի գործողությունների արդյունքում զոհված իսրայելցիների ընտանիքներին ու նրանց ներողամտությունը հայցել։ «Ես հասկանում եմ, որ ձեզ համար դժվար է համակերպվել չարագործներին վաղաժամ ազատ արձակելու եւ անպատիժ թողնելու մտքի հետ, սակայն չեմ կարող կորցնել մեր զինվորի կյանքը փրկելու այս հնարավորությունը», - հայտարարել էր Նաթանյահուն։

«Այս քայլով Իսրայելի ղեկավարությունը ցույց տվեց, որ իր համար ամեն ինչ երկրորդական է, երբ կշեռքի նժարին դրված է սեփական քաղաքացու կյանքը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը եւ մանրամասնեց. - «Այդ պետության մեջ` Իսրայելում, բարձրագույն արժեքը ինքը մարդն է, այսինքն` կենդանի մարդը, ոչ թե նահատակները, հերոսները, զոհերը։ Սա մարդու հարց է, մանավանդ` զինվորի, որը պարզապես կոչված է պաշտպանելու թե՛ պետությանը, թե՛ այդ հանրությանը»։

Փորձագետները փաստում են, որ տեղի ունեցած փոխանակությունը ոչ թե լոկ գործարք էր` մեկը` 1027-ի դիմաց, այլ նոր ու բավական լուրջ մարտահրավեր Իսրայելի անվտանգությանը. մեկ օրում ազատության մեջ են հայտնվել հարյուրավոր մարդիկ, որոնք մինչ այդ ցմահ ազատազրկման էին դատապարտվել` հրեական պետության դեմ ծանր հանցագործություններ կատարելու համար։

Գիտակցելով հնարավոր վտանգներն ու մարտահրավերները, այդուամենայնիվ, Իսրայելի ղեկավարությունը շարունակում է անդրդվելի մնալ։

«Մենք մեր գերիներին մարտի դաշտում չենք թողնում, մեզ համար կարեւոր է բանակի յուրաքանչյուր զինվորի կյանքը», - «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հետ զրույցում ասել է Իսրայելի վարչապետի խորհրդական Ալեկս Սելսկին։

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ` հենց սա է մեծաթիվ թշնամիներով շրջապատված իսրայելական բանակի հաջողության թիվ մեկ գրավականը։

«Եթե այնտեղ լիներ այլ վերաբերմունք մարդու եւ զինվորի նկատմամբ, ապա մենք կունենայինք միանգամայն այլ պատմություն», - վստահ է հայաստանցի փորձագետը։
.