Որոշակի պայմաններում 101 միլիարդը «ծանր բեռ չէ»

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը իրատեսական է համարում գալիք տարվա պետբյուջեով նախատեսված հարկերի հավաքման ծավալները, սակայն` որոշակի քայլեր իրականացնելու դեպքում:
«Մենք վերջերս հանդիպում ունեցանք Հանրապետության նախագահի հետ: Օրակարգային հարցերից մեկն էլ դա էր: Մի քանի բան հնչեցրեցինք նախագահի մոտ, որը լիովին ըմբռնվեց. որ չենք կարծում, որ 101 միլիարդը շատ մեծ բեռ է` եթե հարկումն իրականացվում է ըստ ճյուղերի հավասարապես, եթե ստվերային տնտեսության աստիճանը կտրուկ է նվազում, եթե մենք «արտոնյալ» հարկային-իրավական դաշտում աշխատող գործարարների քանակը կտրուկ նվազեցնում ենք: Այդ դեպքում այդ 101 միլիարդը հնարավոր է հավաքել», - լրագրողների հետ հանդիպմանը երկուշաբթի օրը ասաց Ղազարյանը:

Հիշեցնենք` 2012 թվականի պետբյուջեով նախատեսված է այս տարվա համեմատ 82.2 միլիարդ դրամով ավելացնել հարկային եկամուտներն ու պետական տուրքերը եւ 18.6 միլիարդ դրամով` պարտադիր սոցիալական ապահովության վճարները: Ընդհանուր առմամբ` ավելացված գումարը կազմում է շուրջ 101 միլիարդ դրամ:

Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերի 29-ին կառավարության նիստի ժամանակ, երբ Ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց գալիք տարվա պետբյուջեի եկամտային մասը, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը կասկած հայտնեց, որ գալիք տարի կհաջողվի հավաքել ավելի քան 100 միլիարդ դրամի գումար:

«Հայաստանի պատմության մեջ հարկային եկամուտների նման աճ չի նախատեսվել, այն էլ` ճգնաժամային շրջանում: Շատ լուրջ կասկածներ ունենք, որ այդ հարկերը կհավաքվեն», - այդ օրը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր Խաչատրյանը: Վերջինիս, հիշեցնենք, հակադարձել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, թե եկամուտները պետք է ավելացվեն հարկային բազայի ընդլայնման ու վարչարարության ուժեղացման շնորհիվ, եւ դա միանգամայն իրատեսական, թեեւ «լրջագույն» խնդիր է:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե, իր կարծիքով, շատ են այսօր արտոնյալ հարկային դաշտում աշխատող գործարարները, Արսեն Ղազարյանը պատասխանեց. - «Կան տնտեսության ճյուղեր, որտեղ ստվերը բավական լուրջ ծավալ է կազմում, որտեղ անառողջ մրցակցային մթնոլորտ է… Կան ճյուղեր, որտեղ ակնհայտ է գերակա դիրք ունեցող գործարարների մրցակցային առավելությունը: Քանակով չասենք շատ են, բայց որ դեռեւս անելիք շատ կա, եւ պետք է օլիգոպոլիաների վերջը տալ, ես դրա հետ համաձայն եմ»:

Գալիք տարվա պետական բյուջեն կազմելու է 1 տրիլիոն 42 միլիարդ դրամ: Այդ գումարից 910 միլիարդը հավաքելու է պետությունը` տարբեր հարկերի, մաքսերի, տուրքերի, վճարների միջոցով: Չբավականացնող մոտ 132 միլիարդը կամ պետբյուջեի պակասուրդը փակելու համար Հայաստանը պետք է վարկ վերցնի կամ օգտագործի այլ հնարավորություններ:

Վերադառնալով այն 910 միլիարդին, որ պետք է հավաքեն Հայաստանի պետական մարմինները` նշենք, որ այդ գումարի 96%-ը կամ 874.3 միլիարդ դրամը պետք է հավաքի հենց Պետեկամուտների կոմիտեն:

Տնտեսագետ Բաբկեն Թունյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հիշեցրեց, որ մեկ շաբաթ առաջ հեղինակավոր Forbes հանդեսի հրապարակած «Լավագույն երկրները` բիզնեսով զբաղվելու համար» վարկանիշային ցանկում, ուր ներառված են աշխարհի 134 երկրներ, Հայաստանը զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը եւ այդ առումով ետ է մնում իր երեք հարեւաններից` Վրաստանից, Թուրքիայից ու Ադրբեջանից:

Ցանկը կազմելու համար օգտագործվել են 11 չափանիշներ, եւ այդ չափանիշներից մեկի` հարկային բեռի առումով մեր երկիրը զիջում է արդեն իր բոլոր չորս հարեւաններին: Այսինքն` տարածաշրջանում հարկային բեռը ամենածանրը հենց Հայաստանում է:

«Երբ եկամուտները հաջորդ տարվա ավելացնում են, դա, բնականաբար, ենթադրում է, որ հարկային բեռը ծանրանալու է», - ասաց Թունյանը` շարունակելով. - «Հարկերի աճը նաեւ ուրիշ ոլորտների վրա է բացասական ազդեցություն թողնելու` ընդհանուր բիզնեսի վրա: Դա կբարձրացնի կոռուպցիոն ռիսկերը, որովհետեւ եթե այդպես չոր հանձնարարական է տրվում` ցուցանիշը կատարել ամեն գնով, ինչքան էլ խոսենք, որ բարեփոխումներ ենք կատարում, սպասարկման որակ ենք բարձրացնում… միեւնույն է, օրինակ, կոնկրետ տարածքային հարկային տեսչությունների պետերը ոչնչի առաջ կանգ չեն առնելու այդ ցուցանիշը կատարելու համար: Որովհետեւ վերջում իրենցից արդյունք են պահանջելու»:

Your browser doesn’t support HTML5

Որոշակի պայմանների դեպքում 101 միլիարդը «ծանր բեռ չէ»