Սողանքի հետեւանքով անհետ կորածների թիվը հասել է 10-ի

Կիրակի երեկոյան Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրում տեղի ունեցած մեծ սողանքի հետեւանքով այս պահի դրությամբ 10 հոգի անհետ կորած կա: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց արտակարգ իրավիճակների նախարարության լրատվության բաժնի պետ Նիկոլայ Գրիգորյանը:

Գրիգորյանը նաեւ տեղեկացրեց, որ յոթ հոգի էլ մարմնական վնասվածքներ են ստացել սողանքի հետեւանքով:

«Տուժածները յոթն են, նրանք թեթեւ մարմնական վնասվածքներ էին ստացել եւ հիվանդանոցից անմիջապես դուրս էին գրվել: Մեր թեժ գծով անընդհատ ահազանգեր էին ստացվում, եւ մարդիկ իրենց անհանգստությունն էին հայտնում իրենց հարազատների տեղ չհասնելու կամ նրանց հետ կապ չունենալու վերաբերյալ: Այդպիսի 12 ահազանգ է եղել, եւ փառք աստծո, նրանից երկուսը, որոնք անհետ կորածների ցուցակի մեջ էին, հայտնաբերվեցին Վրաստանում, եւ այս պահի դրությամբ 10 անհետ կորած կա», - ասաց Նիկոլայ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրում Վանաձոր- Բագրատաշեն հատվածում՝ Այրում կայարանի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում), տեղի ունեցած սողանքի արդյուքնում մինչ այժմ փակ է երթեւեկությունը, փրկարարական աշխատանքները շարունակվում են:

«Ճանապարհահատվածը փակ է, 35 ավտոմեքենա գտնվում է սողանքի գերության մեջ եւ աշխատանքները բարդանում են նրանով, որ սողանքը ակտիվ է: Տեղումները նպաստում են, որ սողանքն ավելի ակտիվանա եւ շատ վտանգավոր լինի որեւէ քայլ ձեռնարկելու համար: Այն բոլոր կասկածելի հատվածները, որտեղ կան մեքենաներ եւ որտեղ կարող են մարդիկ լինել, փորվում է ձեռքով, որովհետեւ ծանր տեխնիկայի օգտագործումը այստեղ պարզապես մահաբեր կարող է լինել», - տեղեկացրեց արտակարգ իրավիճակների նախարարության լրատվության բաժնի պետը:

Նրա խոսքով` նախօրեին այդ հատվածում կրկին քարաթափում էր եղել:

«Եվ կարծեմ զգուշացրել էին, որ այդտեղ պիտի հերթապահություն սահմանվի, եւ այդտեղով ծանր տեխնիկա քիչ անցնի: Բայց դեպքի վայրում մի ծանր բեռնատար էր շուռ եկել, որը հանելու համար երկու ծանր կռունկ էին բերել: Ծանր կռունկներն ու շրջված բեռնատարը փակել էին ճանապարհը, առաջացել էր մեծ խցանում, բազմաթիվ մեքենաներ էին հավաքվել, որից ութը` ծանր, եւ այդ պայմաններում ակտիվացել էր [սողանքը], ռեզոնանս էր տեղի ունեցել», - ասաց Գրիգորյանը:

Ավելի վաղ արտակարգ իրավիճակների նախարարության Տավուշի մարզային կառույցի ղեկավար Վաղինակ Հովսեփյանը ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի, թե երկու օր առաջ նույն վայրում տեղի ունեցած սողանքից հետո ինչո՞ւ չէր դադարեցվում տրանսպորտի երթեւեկությունը ճանապարհի այդ հատվածով, ասել էր, թե այն սողանքային գոտի չէ։