Ոստիկանապետ․ «Որեւիցե պաշտոնյա բանդայի կազմում ներգրավված չէ»

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյան

Բանդան ամբողջությամբ ձերբակալված է, վերջին շրջանում կատարված ավազակային աղմկահարույց հարձակումներին ու օրեր առաջ իրականացված բանդայի ձերբակալություններին անդրադառնալով, այսօր հայտարարեց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

«Սա ավարտված, վերջացած խումբ է։ Այս խումբը ուղղման ենթակա էլ չէ իմ կարծիքով։ Ապացույցները այս պահին ամբողջովին կան, հիմնավորված են։ Իրեղեն ապացույցներ ձեռք բերելու հետ որոշակի խնդիրներ, պրոբլեմներ ունենք», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց ոստիկանապետը։

«Քանի որ գողոնը չի հայտնաբերվել, կարծիքներ կան, որ ձերբակալվածները տարբեր նախկին ու ներկա պաշտոնյաներին կողոպտողները չեն։ Վստա՞հ եք, որ ձերբակալել եք նույն ավազակախմբին», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին ի պատասխան, Ալիկ Սարգսյանն ասաց․ - «Հանցագործությունը 4 դեպքերով կատարվել է այս խմբի կողմից։ Իսկ գողոնը՝ տեսեք ինչ են տարել այս մարդկանց տնից․ ոսկեղեն, գումար եւ վերջին դեպքով՝ նկարներ։ Ժամանակ է պետք, համոզված եմ՝ այս գողոնն էլ կհայտնաբերենք, չկասկածեք որ գողոնը հայտնաբերելու ենք։ Արդեն սխեման է մեզ մոտ որոշակի պարզությամբ գնում՝ ինչպես են բաժանել թալանածը»։

Նախօրեին, հիշեցնենք, «Սուրիկի լավաշ» ապրանքանիշով հաց արտադրող ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդել էր, որ իր որդիները, ոչ մի կապ չունեն անցած շաբաթ հայտնաբերված բանդայի հետ: Այդ կապակցությամբ ոստիկանապետի արձագանքը հետեւյալն էր․ - «Ձերբակալված է (Սուրիկ Հակոբյանի տղան)։ Նա կարկառուն դեմք է հանցագործ աշխարհի, բոլորն են նրան ճանաչում։ Շատ հնարավորություններ ունի, շատ բաների է տիրապետում ի տարբերություն հանցագործ աշխարհի շատ ներկայացուցիչների, եւ բանդայի խմբում ներգրավված է»։

Ձերբակալվածների թվում նախկին իրավապահներ չկան, նաեւ ասաց ոստիկանապետը, թեեւ մինչ բանդայի ձերբակալումը կարծիք էր հնչեցրել, որ ավազակային հարձակումներ իրականացնողների խմբում կարող են լինել ուժային կառույցների նախկին աշխատակիցներ:

Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, թե բանդայում ներգրավված են նաեւ պաշտոնյաների զավակներ, ոստիկանապետն ասաց․ - «Մինչեւ այս պահը որեւիցե պաշտոնյա բանդայի կազմում ներգրավված չէ եւ որեւիցե առնչություն չունի։ Այդպիսի կասկածներ էլ չկան, որ ասենք՝ ստուգման փուլում են»։

Your browser doesn’t support HTML5

Ոստիկանապետ․ «Որեւիցե պաշտոնյա բանդայի կազմում ներգրավված չէ»