Նախկին մարզպետը հերքում է բոլոր մեղադրանքները

Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը:

Արարատի նախկին մարզպես Վարդգես Հովակիմյանի պաշտոնավարման շրջանում հայտնաբերված չարաշահումների գործի նախաքննությունն ավարտված է: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, քրեական գործն ուղարկվել է դատարան: Ինքը Հովակիմյանը հերքում է բոլոր մեղադրանքները:
Ըստ մեղադրական եզրակացության, նախկին մարզպետը մեղադրվում է Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով` պաշտոնեական լիազորությունները չարաշահում, պաշտոնեական կեղծիք եւ պաշտոնեական անփութություն: Մեղադրանքը հաստատվելու դեպքում Հովակիմյանին սպառնում է մինչեւ 4 տարվա ազատազրկում:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրված նաեւ մարզպետարանի երկու այլ պաշտոնյաների` ճարտարապետաշինարարական բաժնի պետին եւ քաղաքաշինության վարչության պետին: Ընդհանուր առմամբ գործով անցնում են 6 մեղադրյալներ:

Գլխավոր դատախազությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ բոլոր մեղադրյալները ազատության մեջ են, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Չարաշահումները, ըստ մեղադրական եզրակացության, հայտնաբերվել են 2007-2010 թվականներին հողահատկացման եւ դպրոցների հիմնանորոգման աշխատանքներում, ինչի հետեւանքով պետությանը հասցվել է շուրջ 36.5 միլիոն դրամի վնաս:

Դպրոցների հիմնանորոգման գործընթացում, օրինակ, մարզպետը, ըստ մեղադրական եզրակացության, չի կատարել պետբյուջեով մարզին հատկացված միջոցները տնօրինելու եւ դրանց նպատակային օգտագործումը վերահսկելու իր պարտականությունները, ինչի արդյունքում վերանորոգումն իրականացնող ընկերությունները խարդախություններ եւ միլիոնավոր դրամի հավելագրումներ են թույլ տվել:

Հողահատկացման մասով մարզպետը, ըստ գործի նյութերի, չարաշահելով պաշտոնեական դիրքը, Արարատի մարզի Գինեվետ համայնքի ղեկավարին կեղծ տեղեկություն է տրամադրել, թե գյուղատնտեսական նշանակության հողամասերից 30 հեկտար հողատարածքը արդյունաբերական նշանակության է: Այնուհետեւ հրավիրվել է ավագանու նիստ, որպեսզի տարածքը կառուցապատման նպատակով վարձակալության տրամադրելու թույլտվություն տրվի: Ըստ որոշ տեղեկությունների, մարզպետը նպատակ է ունեցել տարածքն իր մտերիմին տալ` հողամաս կառուցելու համար: Եվ առանց գյուղատնտեսական նշանակության տարածքն արդյունաբերականի փոխելու մասին կառավարության որոշման, առանց Տարածքային կառավարման նախարարության դրական եզրակացության, Հովակիմյանը Գինեվետ համայնքի ղեկավար Սանթոյանին հանձնարարել է վարձակալության տրամադրելու համար անցկացնել մրցույթ եւ որպես հաղթող ճանաչել Հողային ռեսուրսների զարգացման ընկերությունը:

Վարդգես Հովակիմյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց բոլոր մեղադրանքները:

«Նյութերով ես կապացուցեմ, որ դա այսպես չէ», - հայտարարեց նա` հավելելով, թե նշվող 30 հեկտար հողատարածքն իրականում գյուղատնտեսական նշանակության տարածք չէ, եւ դեռ 70-ական թվականների կեսերին այն գյուղատնտեսության համար ոչ պիտանի է ճանաչվել. - «Եթե մի վայրում կա թունաքիմիկատների թափման հորեր` 20 հեկտարից ավելի, այդ մասում գյուղատնտեսական նշանակության հող կլինի՞... Որոշվել է մինչեւ 80-ական թվականները, որ դա ընդհանրապես գյուղատնտեսության համար պիտանի չէ»:

Դպրոցների վերանորոգման ժամանակ պետբյուջեի միջոցների նպատակային օգտագործմանը չհետեւելու մեղադրանքների վերաբերյալ նախկին մարզպետը ասաց. - «Շինարարության հետ մարզպետը ի՞նչ կապ ունի… Եթե այդպես է, թող բոլորին դատեն… Բոլոր շինարարություններում լինում են յուրացումներ, լինում են բացթողումներ… Ես շինարարության մասնագե՞տ եմ … Թող մի կազմակերպություն, չգիտեմ դա ֆինանսների նախարարությունը կլինի, կառավարությունը կլինի, վարչապետը կլինի, թող ինձ ասեն, թե ես ի՞նչ պիտի անեի շինարարության համար... Նախագահի հրամանագրով 12-րդ «բ» կետը ասում է, որ ես միայն պետք է հսկեմ նպատակային օգտագործումը... Այդ գումարը հատկացնել շինարարության համար` տանիք վերանորոգելու, սանհանգույցներ վերանորոգելունելու համար: Այդ գումարը տրված է դրա համար: Թե ինչ են արել, դա արդեն չգիտեմ»:

Հովակիմյանը ասաց, թե չգիտի իրեն քրեական հետապնդման ենթարկելու իրական դրդապատճառները: Հարցին, թե արդյո՞ք հաստատում է այն պնդումները, թե ինքը խնդիրներ ունի Հայաստանի ոստիկանապետի հետ եւ այս հետապնդումները կարող են դրա հետեւանքը լինել, նախկին մարզպետը պատասխանեց, թե որեւէ մեկի հետ խնդիրներ չունի` հավելելով. - «Գուցե նրա՞նք իմ հետ խնդիրներ ունեն»:

Your browser doesn’t support HTML5

Նախկին մարզպետը հերքում է բոլոր մեղադրանքները