«Վթարների եւ ջրի որակի հետ կապված՝ աուդիտորը խնդրահարույց տեղեր չի հայտնաբերել»

«Երեւան ջուր» ընկերությունը այսօրվա դրությամբ լիարժեքորեն կատարել է իր պայմանագրային պարտավորությունները, հայտարարում է ընկերության պայմանագրերի կառավարման եւ իրավաբանական հարցերով տնօրեն Արտակ Մալխասյանը։ Նրա խոսքով, ընկերության 5-րդ պայմանագրային տարվա գործունեությանը նման գնահատական է տվել «Ռամբոլ» միջազգային աուդիտորական կազմակերպությունը:

«Վթարների հետ կապված եւ ջրի որակի հետ կապված՝ աուդիտորը ոչ մի խնդրահարույց տեղեր չի հայտնաբերել եւ արձանագրել է, որ ընկերությունը ամբողջությամբ ապահովել է ե՛ւ պայմանագրային, ե՛ւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները», - երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում նշեց Արտակ Մալխասյանը։ - «Դիմում-բողոքների հետ կապված նույնպես որեւէ խնդիր չի արձանագրել աուդիտորը»։

Այս տարվա հունիս ամսին Նուբարաշեն վարչական շրջանում խմելու ջրի խողովակի վթարից հետո նույն փողոցի մի քանի տասնյակ բնակիչներ միանգամից տարբեր ախտանշաններով դիմել էին Նորք ինֆեկցիոն հիվանդանոց: Կասկած կար, որ մարդիկ թունավորվել են խմելու ջրից: Փաստորեն, անկախ աուդիտորը, ըստ «Երեւան ջուր» ընկերության ներկայացուցչի, ջրի որակի հետ կապված ոչ մի խնդրահարույց բան չի հայտնաբերել, այնինչ Նուբարաշենում տեղի ունեցածի քննությունը դեռ չի ավարտվել:

«Երեւան ջուր» ընկերության ներկայացուցիչը եւս այսօր հրաժարվեց մեկնաբանություններ տալ Նուբարաշենում տեղի ունեցածի վերաբերյալ, իսկ ջրի որակի հետ կապված աուդիտորի գնահատականի մասով ասաց՝ «աուդիտորը վերցնում է ընդհանուր առմամբ, իսկ Նուբարաշենը՝ լոկալ խնդիր է»։

Your browser doesn’t support HTML5

«Վթարների եւ ջրի որակի հետ կապված՝ աուդիտորը խնդրահարույց տեղեր չի հայտնաբերել»