«Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը նախագահների անձերով չէ պայմանավորված»

Ռուսաստանում քաղաքական վերադասավորումները եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի վերադարձը նախագահի պաշտոնին չեն կարող մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Հայոց համազգային շարժում կուսակցության ղեկավար Արամ Մանուկյանը։

«Հայաստանի ներքաղաքական կյանքի որոշողը հայ ժողովուրդն է։ Հայ ժողովրդի կամքով որոշվում են մեր երկրի ապագան, խնդիրները, դիրքորոշումները, եւ դա է թիվ մեկ գործնական աշխատող ֆակտորը», - ասաց Մանուկյանը` հավելելով. - «Մնացած բոլոր բաները կարող են նպաստել շատ-քիչ, բայց որոշիչ չեն` որոշիչը հայ ժողովրդի կամքն է. բոլորը ածանցյալ են այն կամքից, որը կոչվում է հայ ժողովրդի կամք»։

Խորհրդարանական ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նկատեց, որ Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցերի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը նախագահների անձերով չէ պայմանավորված։

Պատգամավորի կարծիքով` որպես նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնավարման տարիներին էլ Վլադիմիր Պուտինի ազդեցությունը նրա որոշումներում առանցքային է եղել, այնպես որ` մեծ փոփոխություններ պետք չէ ակնկալել։

«Ես որեւէ այդպիսի էական տարբերություն չեմ տեսնում, որ քաղաքականություն կփոխվի Հայաստանի նկատմամբ։ Հենց այս նույն շրջանակում էլ ընթանալու են զարգացումները` այն, ինչ որ մինչեւ հիմա եղել է։ Հնարավոր է` որոշակի թեթեւ տարբերություններ լինեն Պուտինի եւ Մեդվեդեւի քաղաքականության մեջ, բայց դա կլինի դետալների մեջ եւ ոչ թե խնդրի լուծման գլխավոր ուղղությունների մեջ», - ասաց Մարտիրոսյանը։

«Պուտինի ազդեցությունը բացարձակ երկրորդական չեղավ այս ժամանակահատվածում, եւ այս չորս տարին ռեալ ցույց տվեցին, որ ինքը ոչ թե գործող անձ է, այլ որոշող անձ է մնացել, եւ Մեդվեդեւն էլ չէր կարող այնպիսի քայլ իրականացնել, որը շատ հեռու է Պուտինի, այսպես ասեմ` տեսլականից», - ընդգծեց պատգամավորը։

Մարտիրոսյանը նաեւ կարծում է, որ Ռուսաստանում նախագահի փոփոխությունը վտանգ չի ներկայացնի Սերժ Սարգսյանի իշխանության համար. - «Չեմ կարծում, որ այդպիսի մեծ վտանգ կլինի, Սերժ Սարգսյանը կունենա քաղաքական դաշտում ալտերնատիվ քայլեր կատարելու հնարավորություն, ուստի եւ նմանատիպ խնդիր ես չեմ տեսնում»։