Սեպտեմբերի 27-ի մամուլ

«168 ժամ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանի անկախության հռչակման 20-ամյա տարեդարձի տոնակատարություններից ընդամենը մի քանի օր անց մեր քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչներ հերթական անգամ ապացուցեցին, որ իրենց համար ՀՀ անկախությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ռուսական շահը: Շաբաթ օրը Մոսկվայում կայացած «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարից հետո Հայաստանի քաղաքական դաշտի քոչարյանական հատվածը իսկական հրճվանքի մեջ է: Որոշ լրատվամիջոցներ ու «քաղաքագետներ» այդ փաստը ներկայացնում են արդեն որպես Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու ու հաջորդ նախագահական ընտրություններում առաջադրվելու «դաբրո»: Ընդ որում, դա անում են այնպիսի պարզունակ ձեւով, ինչպես գործող իշխանության նրանց գործընկերները փորձում են համոզել, որ Պուտինի ու Մեդվեդեւի փոխատեղումը որեւէ ազդեցություն չի ունենա Հայաստանի քաղաքական կյանքի վրա»:

«Երկիր»-ը գրում է. - «Արդեն երկրորդ անգամ է, որ Հայ ազգային կոնգրեսը հանդես է գալիս իշխանություններին ուղղված պահանջագրով: Առաջին անգամ դա տեղի ունեցավ այս տարվա մարտի 1-ի հանրահավաքին, որի ժամանակ ՀԱԿ առաջնորդը 15 կետից բաղկացած պահանջ ներկայացրեց: Երկրորդը եւ առայժմ վերջինը, ՀԱԿ-ը ներկայացրեց իր վերջին` սեպտեմբերի 23-ին կազմակերպված հանրահավաքում: Առաջին անգամ պահանջագիրը ներկայացվում էր` որպես իշխանության հետ երկխոսության նախապայման: Մինչդեռ այս անգամ դրանք նախապայմանային բնույթ չունեն եւ ավելի շատ ոչ այքան իշխանության, որքան հանրության ուշադրությունը գրավելու նպատակ է հետապնդում: ՀԱԿ-ը պարզապես այսպիսով փորձում է ցույց տալ, որ վերադառնում է «Հիմա, հիմա»-ի այն մարտավարությանը, որն ընդամենը մեկ-երկու ամիս առաջ ամբողջությամբ մերժում էր Տեր-Պետրոսյանը»:

«Առավոտ»-ը զրուցել է ՀԱԿ-ի հետ երկխոսության կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Արդյո՞ք կոալիցիայի աշխատանքային խումբը հրապարակելու է իր կազմած այն փաստաթուղթը, որը սկսել էր ընթերցել ՀԱԿ-ի պատվիրակության համար` ժշտելով արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը»: Պատասխան. - «Այս պահին մենք դեռեւս չենք պատրաստվում այն հրապարակել, քանի որ, ինչպես նշել ենք, ճիշտ ենք համարում փաստաթուղթը ներկայացնել երկխոսության մյուս կողմին ու նոր` հանրության դատին: Ինչ վերաբերում է նոր պահանջներ ներկայացնելուն ու նոր վերջնաժամկետներ սահմանելուն` կարծում եմ, որ ՀԱԿ-ը ուղղակի արդեն սկսել է ընտրապայքարը: Իսկ ընտրապայքարում քաղաքական յուրաքանչյուր մասնակից ստանձնում է որոշակի դերակատարում, հայեցակարգ, որով էլ գնում է ընտրությունների` անկախ նրանից, թե դրանք հերթակա՞ն են, թե՞ արտահերթ: Անգամ հերթական ընտրությունների պարագայում ՀԱԿ-ը փորձելու է օգտագործել իր որոշակի ծայրահեղական հարցադրումները` որպես հիմք իր ներկայացրած պահանջների եւ շահելու համար դժգոհ ընտրազանգվածի շահերը: ՀԱԿ-ի ներկայացրած պահանջներում ես ամենեւին նոր բան չեմ տեսնում: Զիջումներ պարտադրելու վերաբերյալ պնդումներն էլ, կարծում եմ, նոր չեն` նրանք միշտ նույն ձեւով են արտահայտվել»:

«Ժամանակ»-ը զրուցել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի հետ կապված խնդիրը ինչպե՞ս պետք է հանգուցալուծվի: Ի վերջո, հիմնական մտահոգությունն այն է, որ Տիգրանի նկատմամբ Դուք հատուկ հակակրանք ունեք»: Պատասխան. - «Ես մեկ անգամ հայտարարեցի, հիմա էլ եմ ասում: Նույն Տիգրանը, որ առաջին անգամ կալանքից ազատ է արձակվել, ես եմ խնդրել: Ես եմ միջնորդել, որ ջահել տղա է՝ խնդրում եմ բաց թողեք: Հետո ինձ կանչում էր դատարան, որ ես ներողություն խնդրեի, բայց թե ինչի համար, չգիտեմ: Նա մոռացել է, թե ինչպես է ազատվել: Սա բարոյական չէ իր կողմից՝ այս վարքագծի համար: Եթե ես ասեմ՝ հատուկ սիմպատիա ունեմ եւ գիշեր-ցերեկ ցավում եմ, որ նա հայտնվեց բանտում, բա իմ արժանապատվությո՞ւնը, իմ ոստիկանի արժանապատվությո՞ւնը: Ես էլ եմ չէ՞ վիրավորված: Կարո՞ղ եմ իմանալ, ինչու պետք է ներողություն խնդրեմ: Հարգելի Տիգրան Առաքելյան, իմ կենսագրությունը նայի, քոնն էլ նայի»:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է. - «Մինչեւ 1999 թվականը տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի եւ նախագահական ընտրությունների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում չի պահպանվել ոչ մի փաստաթուղթ: ԿԸՀ-ում առկա են միայն 1999-ից հետո տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ տվյալները»: Այդ մասին երեկ թերթի հետ զրույցում ասել է ԿԸՀ-ի անդամ Տաթեւիկ Օհանյանը: Ըստ վերջինիս, ԿԸՀ-ում չի պահպանվել ոչ մի փաստաթուղթ, որի հիման վրա հնարավոր լիներ պարզել, թե 1998-ի նախագահական ընտրություններում ընտրական ցուցակներում քանի ընտրող է եղել եւ նրանցից քանիսն է քվեարկել: Այդ ընտրությունների արդյունքում Ռոբերտ Քոչարյանը զբաղեցրեց նախագահի պաշտոնը: Օհանյանի խոսքերով` չեն պահպանվել նաեւ 1995-ի ԱԺ ընտրությունների եւ Սահմանադրական հանրաքվեի ու 1996-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ տվյալները եւս»:

Your browser doesn’t support HTML5

Սեպտեմբերի 27-ի մամուլ