ԱՊՊԱ գումարների ընդամենը 22 տոկոսն է վճարվել վարորդներին՝ իբրեւ փոխհատուցում

Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման (ԱՊՊԱ) համակարգի ներդրման առաջին 8 ամիսներին ավտոպատահարների հետեւանքով պատճառված վնասի դիմաց հատուցում ստանալու 15 հազարից ավելի հայտ է ներկայացվել, որոնցից մոտ 14 հազարը բավարարվել է։

Փոխհատուցվել է շուրջ 2 միլիարդ 840 միլիոն դրամ, մինչդեռ վարորդների մուծած ապահովագրավճարները գերազանցում են 13 միլիարդ դրամը։ Այլ կերպ ասած՝ որպես փոխհատուցում տուժողներին հետ է վճարվել ապահովագրական վճարների շուրջ 21.8 տոկոսը։

Այս թվերն այսօր ներկայացրեց Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանը՝ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած լսումների ժամանակ։

Վահան Ավետիսյանը համոզմունք հայտնեց, որ համակարգը կայացավ եւ արդարացրեց իրեն։

«Էական խնդիրներ, որոնք կանխատեսելի չէին, չեղան, եւ դրա մասին է վկայում այն, որ հասարակության մեջ ի սկզբանե ձեւավորված լարվածությունը էապես նվազեց։ Սրա վառ ապացույցը նաեւ այն է, որ ե՛ւ ԱՊՊԱ բյուրոյում, ե՛ւ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում ներկայացված բողոքների թիվը չափազանց փոքր է», - նշեց ԱՊՊԱ բյուրոյի տնօրենը։

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում քննադատեց ԱՊՊԱ համակարգը՝ պնդելով, թե ներկայացված վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԱՊՊԱ-ն դարձել է գերշահութաբեր, ինչը նշանակում է, որ հաջորդ տարի պետք է սակագները նվազեցվեն։ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրենի այսօրվա ելույթում Արծվիկ Մինասյանը նման միտում չի նկատել։

«Դատելով իմ կողմից հնչեցված հարցերի պատասխանից՝ ոչ, որովհետեւ բյուրոն ավելի շատ, կարծեք թե, ներկայացնում է ապահովագրական ընկերությունների շահերը, իսկ այս դեպքում ապահովագրական ընկերությունները շահագրգռված չեն իրենց շահույթից հրաժարվելու», - կարծիք հայտնեց դաշնակցական պատգամավորը։

Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանը կարծում է, որ սակագների հետ կապված դժգոհությունները կնվազեն 2013 թվականից, երբ կգործի բոնուս-մալուսային համակարգը` հաշվարկը ըստ վարորդական պատմության։

«Այն մարդիկ, ովքեր քիչ պատահարներ ունեն, կվճարեն շատ ավելի քիչ, եւ ընդհակառակը, մարդիկ, որոնք օժտված են պատահարների մեծ վիճակագրությամբ, կվճարեն ավելի բարձր ապահովագրավճարներ», - նշեց նա։

Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ թեեւ փոխհատուցման ընթացակարգի հետ կապված վարորդներից բողոքներ չեն ստանում, մեծ է դժգոհությունը ճանապարհային ոստիկաններից, քանի որ վթարից հետո մեծ խցանումներ են առաջանում։

«Ուշ են գալիս դեպքի վայր, երբ իրենց դիմում եք, ասում են՝ դե մենք հնարավորություն չունենք, այդքան մարդ չունենք։ Ինչո՞ւ։ Որովհետեւ օրենքով էլ նախատեսված չէ դեպքի վայր ժամանելու ժամանակահատվածը», - նշեց «Աքիիլեսի» նախագահը։

Հիշեցնենք, ապահովագրող ընկերությունները պետք է Երեւանում եւ մարզկենտրոններում ամենաուշը 35 րոպեի ընթացքում մասնագետ ուղարկեն վթարի վայր, իսկ այլ տարածքներում այդ ժամանակահատվածը չպետք է գերազանցի 80 րոպեն:

Վարորդները եւս այսօր մեզ հետ զրույցում գներից բացի դժգոհում էին ԱՊՊԱ համակարգի հետեւանքով առաջացած խցանումներից՝ նշելով, որ փողոցի կենտրոնում սպասելը կաթվածահար է անում ողջ երթեւեկությունը։

Անդրադառնալով այս դժգոհություններին՝ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանը կարծիք հայտնեց, թե համակարգի ներդրման ամենաբացասական կողմը հենց խցանումներն են, եւ հիմա իրենք ոստիկանության հետ խնդրի լուծում գտնելու տարբերակներ են քննարկում․ - «Կամերաների տեղադրում գոնե այն բանուկ փողոցներում, որտեղ շատ ավելի բարձր է երթեւեկությունը եւ նմանատիպ շատ այլ հնարավորություններ»։

Վերադառանալով վիճակագրությանը՝ օգոստոսի 31-ի դրությամբ ապահովագրված է շուրջ 373 հազար տրանսպորտային միջոց, մեկ հատուցման միջին չափսը կազմել է 205 հազար դրամ։ Հատուցումների 90 տոկոսից ավելին եղել են գույքային վնասների դիմաց:

Your browser doesn’t support HTML5

ԱՊՊԱ գումարների ընդամենը 22 տոկոսն է վճարվել վարորդներին՝ իբրեւ փոխհատուցում