«Կինոաշունը» կմեկնարկի Սիսիանում

10 մարզեր, 12 համայնքներ, 3 ֆիլմի պրեմիերա եւ 3 գրքի շնորհանդես` «Կինոաշունն» այս տարի հարուստ է լինելու:
Ֆիլմերի միամսյակն այս տարի կմեկնարկի Սիսիանում «Վանա ծովի արշալույսը» ֆիլմով:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի խոսքերով, «Կինոաշուն» ծրագրի նպատակն է առհասարակ Հայաստանում արտադրված ֆիլմերի տարածումը եւ մարզային կինոցանցի ստեղծումը: Այդ պատճառով անցյալ տարվա 4-ի փոխարեն այս տարի կինոցուցադրություններ կլինեն Հայաստանի 10 մարզերում:

«Տեխնիկական մասով ոչինչ չենք ապահովել: Բոլորը համայնքները եւ մարզերն են ապահովել եւ գտել: Չնայած կարծում էինք, որ դժվար կլինի, հանդիսատեսը քիչ կլինի, դահլիճ դժվար է գալիս: Իհարկե դժվարություններ եղան, բայց մարզերում այնպիսին էր ոգեւորությունը, որ մենք այս տարի ընդլայնեցինք ծրագիրը», - ասաց Գեւորգ Գեւորգյանը:

Ցուցադրություններ կլինեն ոչ միայն մարզկենտրոններում, այլեւ մարզերի մյուս քաղաքներում եւ գյուղերում, որից հետո կազմակերպիչները ցանկանում են, որ կինոցուցադրություններն այդ կենտրոններում շարունակվեն: Կինոկենտրոնն էլ իր հերթին պարտավորվում է ֆիլմեր եւ մասնագետներ տրամադրել նրանց:

«Գոնե մեկ դահլիճ սկսի գործել, եթե ոչ ամբողջ տարվա ընթացքում, ապա գոնե ամսվա մեջ 10 օր կամ մեկ շաբաթ, հետո մեկ այլ վայրում ստեղծեն նման ցուցադրության տեղ», - ասաց Գեւորգ Գեւորգյանը:

Անցյալ տարի կինոաշունը չէր ընդգրկել համայնքները, այս տարի կարող ենք ֆիլմեր դիտել Երեւանի 12 համայնքներում: Յուրաքանչյուրում կլինի մինչեւ 5 ցուցադրություն: Բոլոր ֆիլմերի մուտքն ազատ է: Ընդհանուր առմամբ, կցուցադրվի մոտ մի քանի հարյուր ֆիլմ:

Բացի կինոդահլիճներից, ցուցադրություններ կլինեն նաեւ զորամասերում, համալսարաններում եւ դպրոցներում: Ծրագիրը բազմաժանր է. կազմակերպիչների խոսքերով, յուրաքանչյուր լսարանի համար կլինեն իրենց հետաքրքրող հին եւ նոր ֆիլմեր:

Գեւորգ Գեւորգյանը շեշտեց, որ այս տարի հիմնականում ընտրվել են անկախության շրջանում արտադրված ֆիլմերը: Յուրաքանչյուր մարզում փորձելու են 3 նոր ֆիլմերից գոնե մեկը ցուցադրել:

«Կինոաշնան» շրջանակներում կլինեն նաեւ երեք գրքերի շնորհանդեսներ. «Տերն ու ծառան», «Զինվորն ու փիղը» ֆիլմերի ռեժիսոր Դմիտրի Կեսայանցի, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի եւ հանրահայտ հայ կինոգործիչների մասին պատմող գրքերը: Կնշվի նաեւ «Նարեկացի որոնելիս» ֆիլմի ռեժիսոր Հովիկ Հախվերդյանի հոբելյանը:

Նախորդ տարվա օրինակով, այս տարի եւս հայտարարված է ժամանակակից ֆիլմերի գրախոսականների մրցույթ:

Your browser doesn’t support HTML5

«Կինոաշունը» կմեկնարկի Սիսիանում