ՀԱԿ-ը խոստանում է հանրահավաքին հստակ քայլեր ներկայացնել

Լեւոն Զուրաբյան

Այսօրվա հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը ներկայացնելու է այն հստակ քայլերը, որոնց միջոցով պետք է իրականացնի իր առջեւ դրած խնդիրները։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին հայտարարեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը։

Նրա խոսքով` երկխոսությունն այլեւս չի կարող համարվել ներքաղաքական խնդիրների լուծման տարբերակ։

«Բոլոր ողջամիտ ժամկետները ավարտվում են, եւ, բնականաբար, մենք կոնկրետ բաներ պետք է ասենք ժողովրդին», - ասաց ՀԱԿ-ի համակարգողը։

Օգոստոսի 2-ի հանրահավաքի ժամանակ ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, հայտարարել էր. - «Չեմ կասկածում, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում է տեղի ունենալու»։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ ժամկետը մի քիչ ավելի երկարացվի, Լեւոն Զուրաբյանը արձագանքեց. - «Ոչ մի բան չի փոխված, ավելին` այդ հավաստիացումները միայն կամրապնդվեն մեր հանրահավաքի ժամանակ»։

«Իշխանությունները, ցավոք սրտի, իրենց կեցվածքով ցույց են տալիս, որ պատրաստ չեն քաղաքակիրթ բանակցությունների, երկխոսության միջոցով լուծել այն խորը քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամը, որ ստեղծվել է երկրում։ Բնականաբար, դա բերում է մեզ լուրջ հետեւությունների։ Կարծում եմ, արդեն ոչ ոք չի կարող համարել երկխոսությունը երկիրը այս ճգնաժամից դուրս բերելու գործիք` հենց իշխանության անլուրջ վերաբերմունքի պատճառով», - ասաց ՀԱԿ-ի համակարգողը` հավելելով. - «Իշխանությունները մեզ, ըստ էության, ասում են, որ նոր զիջումների չեն գնալու` «նոր զիջումները կլինեն, միայն եթե տասնյակ հազարավոր մարդիկ դուրս գան փողոց եւ պարտադրեն մեզ զիջումների»։ Սա է իշխանությունների կողմից ուղարկված ուղերձը, եթե կուզեք` մարտահրավերը։ Եթե այդպես է, մենք այդ մարտահրավերը ընդունում ենք»։

Իսկ այն առնչությամբ, թե կարելի՞ է ասել, որ հիմա արդեն ջրբաժանի պահն է, Զուրաբյանը հայտարարեց. - «Գիտեք ինչ, որ իշխանությունները իրենց գործողություններով մոտեցնում են ջրբաժանը, մոտեցնում են կոնֆրոնտացիոն զարգացումները` դա ակնհայտ է»։

«Վերջին հանրահավաքի ժամանակ հաճախ էր շեշտվում հեղափոխություն բառը, նշվում էր, որ հեղափոխությունը այլեւս անհրաժեշտություն է։ Հնարավո՞ր է, որ այսօրվա հանրահավաքի ժամանակ արդեն պարզ լինի, թե ինչ տարբերակով է ընդդիմությունն իրականացնելու հեղափոխությունը եւ ինչ ժամկետներում», - այս հարցին ՀԱԿ-ի համակարգողը պատասխանեց. - «Տեր-Պետրոսյանը մի տեղ շատ ճիշտ արտահայտվել է` հեղափոխությունը անում են, հետո են կոչում հեղափոխություն»։

Նախորդ` սեպտեմբերի 9-ի հանրահավաքի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. - «Մոտակա օրերին Տիգրան Առաքելյանի ազատ արձակման դեպքում մենք պատրաստ ենք վերադառնալ բանակցությունների սեղանին։ Հակառակ պարագայում, երկխոսությունն առկախված թողնելով, մենք հարկադրված կլինենք իշխանությունների հետ խոսել այլ լեզվով»։

Այդ հանրահավաքից երկու շաբաթ անց ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը շարունակում է մնալ անազատության մեջ` օգոստոսի 9-ին մի խումբ երիտասարդ ընդդիմադիրների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած քաշքշուկի հետեւանքով։