«Հերոսական բալլադ» համերգ-ներկայացում Հանրապետության հրապարակում

Անկախության 20 ամյակին նվիրված «Հերոսական բալլադ» համերգ-ներկայացումը կսկսվի սեպտեմբերի 21 ին երեկոյան ինն անց կեսին:
Գրեթե մեկուկես ժամ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու հայոց պատմության առանցքային դրվագները` հայ կոմպոզիտորների դասական ստեղծագործություններից ընտրված հատվածների ուղեկցությամբ:

Սցենարական ու գաղափարական որոշ լուծումներ պատկանում են միջոցառման ընդհանուր համակարգող Վիգեն Սարգսյանին:

Բեմադրող ռեժիսոր Արամ Սուքիասյանի խոսքով, ներկայացումը երաժշտաթատերական ամբողջություն է` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբի, «Բարեկամություն» պարային համույթի մասնակցությամբ:

«Այն սկսում է արարումից, հետե Նոյ, Հայկ եւ Բել, Տիգրան Մեծ, Սովետական Միություն եւ անկախություն: Անշուշտ շեշտը դրված է անկախ Հայաստանի վրա: 20 տարիների մեր բոլոր վայրիվերումները փորձել ենք ներկայացնել: Տեսանյութերում կտեսնեք անձանց, ովքեր գուցե այսօր չկան, գուցե այսօր այլ ընկալում ունեն, բայց այնուամենայնիվ նրանք իրենց մասնակցությունն են բերել ու գործոն են հանդիսացել անկախության ձեռք բերման առաջին տարիներին: Միեւնույն ժամանակ անդրադառնում ենք մութ ու ցուրտ տարիներին, Շուշիի հաղթանակին եւ այլն»:

Սուքիասյանի խոսքով, միջոցառումը տարբերվելու է նաեւ լուսատեխնիկական հնարքներով, էկրանների, գույների բազմազանությամբ, երկչափ ու եռաչափ գրաֆիկական լուծումներով: Արտգործնախարարության ու կառավարության շենքերն ամբողջությամբ կծառայեն երկչափ ու եռաչափ պատկերների համար:

Գրաֆիկական պատկերների ձեւավորման գործում օգնել են ֆրանսիացի մասնագետները:

Միջոցառման նախապատրաստական աշխատանքներին մասնակցում են մոտ 120 հոգի` հիմնականում հայ եւ ֆրանսիացի մասնագետներ: Շատրվանների արդիականացումը իրականացնում է ֆրանսիական «Աքվատիկ շոու» ընկերությունը, որը ժամանակին վերակառուցել է հրապարակի շատրվանները, իսկ միջոցառման ու շքերթի ողջ նկարահանման աշխատանքը վստահված է «Դի էլ էս» ընկերությանը:

Նախագծի իրականացման տնօրեն Արման Ծատուրյանի խոսքով, հրավառությունն աննախադեպ է թե' քանակային, թե' տեւողության, թե' գեղարվեստական առումով, եւ նման հրավառություն Հայաստանում առաջին անգամ կլինի:

10 րոպե տեւող հրավառությունից հետո կսկսվի դիսկոտեկային ծրագիր 1 ժամ 30 րոպե տեւողությամբ:

«Վաղը հպարտության զգացումը կհամակի ամբողջ ժողովրդին` լինեն նրանք հրապարակում, թե դիտեն հեռուստացույցով: Միեւնույն է բոլոր մասնակիցները կլցվեն հպարտության զգացումով: Հպարտության ազգի ու անկախության համար», - նշում է նախագծի տնօրեն Առնո դե լա Վիլբրուն:

Your browser doesn’t support HTML5

«Հերոսական բալլադ» համերգ-ներկայացում Հանրապետության հրապարակում