Վիկտոր Համբարձումյանի 103-ամյակը նշեցին աստղասերները

Lուսինը եւ Յուպիտերը աստղադիտակով կարող էին դիտարկել բոլոր ցանկացողները «Գուդրայք ջոն» աստղասերների ՀԿ-ի կազմակերպած սիրողական աստղադիտման ժամանակ:
«Մեր սիրողական աստղադիտումները կազմակերպելու համար մեծ միջոցներ չեն պահանջվում. ընդամենը տրանսպորտի գումար եւ մի փունջ ծաղիկ՝ Վիկտոր Համբարձումյանի նկարի մոտ», - ասաց ՀԿ-ի փոխնախագահ Գագիկ Մելիքյանը:

Սկզբում հանդես էին գալիս որպես նախաձեռնողների խումբ եւ 2004 թվականից տարին մի քանի անգամ աստղադիտումներ են կազմակերպում տարբեր հիմնարկություններում ՝ կանանց գաղութից մինչեւ հանրակրթական դպրոցներ: Նպատակը Վիկտոր Համբարձումյանին իրենց հարգանքի տուրքը մատուցելն է:

ՀԿ-ի նախագահ Ռուբեն Բունիաթյանը պատմեց, որ միայն պաշտոնապես գրանցվելով որպես հասարակական կազմակերպություն՝ նամակ գրեցին նախագահին՝ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը Հայաստանում աստղագիտության օր հայտարարելու մասին եւ ստացան կառավարության համաձայնությունը:

Ռուբեն Բունիաթյանը «Մաքսլիբերթի»-ին պատմեց ՀԿ-ի անվան ծագման մասին. - «Գուդրայք Ջոնը սիրող աստղագետ էր: Նա խուլուհամր է եղել, ապրել է 21 տարի եւ աստղագիտության մեջ արել է երեք ֆունդամենտալ հայտնագործություն»:

Կազմակերպությունը «Գուդրայք ջոն» անվանելով՝ ուզում էին հասարակության ուշադրությունը գրավել հաշմանդամների վրա: Ցույց տալ մարդկանց, որ եթե հաշմանդամներին վերաբերենք նույն ուշադրությամբ եւ սիրով, ինչպես վերաբերում ենք մյուս մարդկանց, նրանք եւս կարող են համամարդկային հայտնագործություններ անել, ինչպես Գուդրայք Ջոնը:

Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ) պատրաստվում է աշխարհում հիմնել 8 տարածաշրջանային կենտրոններ, որոնցից մեկը մեր տարածաշրջանում է լինելու: Հարցին՝ ինչը կարող է խանգարել Հայաստանին դառնալ աստղագիտության տարածաշրջանային կենտրոն, նախկին աստղագետ, այժմ Կրթության եւ գիտության նախարարության տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի տիեզերագիտական ակումբի ղեկավար Ավետիք Գրիգորյանը պատասխանեց. - «Գիտաշխատողի 35.000 դրամ աշխատավարձը: Այդ պայմաններում ասել, թե ուզում ենք դառնալ տարածաշրջանային կենտրոն, նշանակում է ուղղակի օգտագործել մոդայիկ բառ»:

Ըստ Գրիգորյանի, Հայաստանը միշտ եղել է եւ կարող է շարունակել մնալ աստղագիտության կենտրոն, որի համար ունենք, ըստ նրա, ամենակարեւորը՝ գիտական ներուժը, իսկ գործնական քայլերը պետք է դրսեւորվեն աստղագիտության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությամբ:

«Մենք պիտի մեր ունեցածին տեր կանգնենք, եթե մենք չանենք, ոչ ոք չի անի: Եթե միջոցներ չենք գտնում դա պահպանելու համար, տարեցտարի կկորցնենք, սերնդափոխություն չի լինի: Հետո տասնամյակներ են պետք այն վերականգնելու համար», - նկատեց Գրիգորյանը:

Your browser doesn’t support HTML5

Վիկտոր Համբարձումյանի 103-ամյակը նշեցին աստղասերները