Վարդան Մինասյանը Հայաստանի հավաքականին տեսնում է Եվրո-2012-ի եզրափակիչ փուլում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, որ չցանկանալով մեկնաբանել Բ խմբում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ խորանալ միավորների հաշվարկների մեջ, այդուհանդերձ, Հայաստանի հավաքականին տեսնում է Եվրո-2012-ի եզրափակիչ փուլում:

«Իհարկե, տեսնում եմ, բայց չեմ ուզում առաջ ընկել», - ուրբաթ օրը լրագրողների հետ կայացած հանդիպմանը ասաց Մինասյանը:

Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ փուլում սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը մրցակցի դաշտում խոշոր՝ 4:0 հաշվով հաղթանակ տարավ Բ խմբում ֆավորիտներից մեկը համարվող Սլովակիայի թիմի նկատմամբ։

Վարդան Մինասյանը այսօր հայտարարեց, որ հավաքականը այժմ կենտրոնացած է հոկտեմբերի 7-ին Երեւանում կայանալիք Մակեդոնիայի հետ խաղի վրա, որը, մարզչի խոսքով, բավական բարդ փորձություն է իր թիմի համար, թեեւ տպավորություն է ստեղծվել, թե Հայաստանը հեշտությամբ է հաղթելու Մակեդոնիային:

«Նույնիսկ զարմանալի է Մակեդոնիայի զբաղեցրած տեղը, որովհետեւ ես ինչքան նայել եմ իրենց հանդիպումները, բացառությամբ առաջին խաղի, երբ պարտվեցին Սլովակիային, մնացած հանդիպումներում խաղով չեն պարտվել մրցակցին, միշտ նույնիսկ խաղային առավելություն են ունեցել: Այնպես որ Մակեդոնիան շատ լուրջ թիմ է, ու թող թիմի հավաքած միավորներն ու տեղը մոլորության մեջ չգցի ոչ մեկին», - ասաց Մինասյանը:

Վարդան Մինասյանի խոսքով` ըստ միավորների Բ խմբի ֆավորիտները չորսն են` Ռուսաստանը, Իռլանդիան, Հայաստանը եւ Սլովակիան, սակայն ըստ խաղի որակի դժվար է խմբում ֆավորիտ առանձնացնել:

«Հայկական ֆուտբոլի վերակենդանացում», «շոկային հաղթանակ» եւ մամուլի նմանատիպ մյուս բնորոշումները Վարդան Մինասյանը այսպես մեկնաբանեց. - «Ձեւավորվել է թիմի կորիզ, եղավ սերնդափոխություն, կայունացել է խաղը, որովհետեւ, կարելի է ասել, բոլորը խաղում են, եւ մեր թիմը դիտարժան ֆուտբոլ է ցույց տալիս: Մի մեծ քայլ առաջ է կատարվել, ուղղակի սա այս թիմի ողջ պոտենցիալը չէ` հաշվի առնելով իրենց տարիքը և հնարավորությունները: Սրանով չպետք է բավարարվել եւ երբեք չհանգստանալ»

Վարդան Մինասյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե ոգեւորել է արդյո՞ք հավաքականի անդամներին ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի` Եվրո-2012-ի եզրափակչում հայտնվելու դեպքում հավաքականին 3 միլիոն եվրոյով պարգեւատրելու խոստումը:

Այսօր ասուլիսով հանդես եկավ նաեւ նախորդ շաբաթվա մարզական իրադարձության հերոս, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 4 վարկածներով աշխարհի բազմակի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը: Վերլուծելով հարավաֆրիկացի Էվանս Մբամբայի հետ Երեւանում կայացած մենամարտը` նա հետեւություններ է արել, թե ինչու չկարողացավ խոստումը կատարել եւ նոկաուտով հաղթանակի հասնել:

«Ես հակառակորդներիցս շատերին որ մի 5-10 անգամ խփում եմ, իրենք ընկում են: Ես իրեն երեւի ավելի շատ խփեցի` մոտ 20 անգամ կամ ավելի շատ, բայց շատ լավ դիմացավ», - ասաց Դարչինյանը:

Բռնցքամարտիկը անդրադձավ մամուլում եւ սոցիալական ցանցերում իր հասցեին հնչող քննադատությանը` կապված չեմպիոնական գոտին նախագահ Սերժ Սարգսյանին նվիրելու հետ: Նա ասաց, որ նախապես ոչ ոք տեղյակ չի եղել, ինքն է որոշել անակնկալ մատուցել:

«Գոտին նվիրեցի նախագահին, բայց իմ հաղթանակը նվիրեցի անկախությանը: Եթե նախագահը չլիներ, երեւի մրցությունը չէր կայանա: Այն կայացավ, որովհետեւ արդեն համոզվեցին, որ կարելի է գալ երկիր եւ ներկա լինել: Իրենց մոտ շատ մեծ վախ կար, որ առաջին անգամ է... Եթե հանկարծ մի բան լիներ, եթե մահացու դեպք լիներ, կարող է IBO ֆեդերացիան փակվեր, եւ Հայաստանում նման բանի մասին էլ ոչ մի անգամ չխոսեին», - ասաց Դարչինյանը:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով բռնցքամարտիկը մեկնաբանեց նաեւ մամուլում շրջջանառվող այն լուրերը, թե նախագահից նվեր է ստացել Երեւանում կառուցվելիք բռնցքամարտի իր դպրոցի տարածքը եւ որպես շնորհակալություն է նվաճած գոտին նախագահին նվիրել:

«Դպրոցի տարածքը չեն նվիրել, այն ինձ տալիս են ավելի ցածր գներով, որ գնեմ եւ կառուցեմ այդ ամենը: Ես գնում եմ, կառուցում եմ, ես փող եմ ներդնում, որ մեր երեխաները պարապեն, փողոցներից կտրվեն, ուրիշ խուժանություններով չզբաղվեն: Ուղղակի չեք գնահատում եւ քննադատում եք: Ճիշտ չեք անում, էլի': Պետք չի ինձ հիասթափեցնել, որ ես էլ դա չանեմ [դպրոցը չկառուցեմ] », - ասաց Դարչինյանը:

Բռնցքամարտիկը հայտարարեց, որ կարիերան ավարտելու մտադրություն չունի:

Your browser doesn’t support HTML5

Վարդան Մինասյանը Հայաստանի հավաքականին տեսնում է Եվրո-2012-ի եզրափակիչ փուլում