Մուլտֆիլմեր ստեղծելու ոչ մանկական աշխատանքը

Your browser doesn’t support HTML5

Տառ ռա տառ, շարժում առ շարժում ստեղծվում են մուլտֆիլմի հերոսները, իսկ մեկ ամբողջական մուլտֆիլմ ստեղծելը շատ բարդ, երկար ու մեծ համբերություն պահանջող գործընթաց է: 2010 թ Ազգային կինոկենտրոնն ունեցել է 4 դեբյուտային մուլտֆիլմ:

Տառ ռա տառ, շարժում առ շարժում ստեղծվում են մուլտֆիլմի հերոսները, իսկ մեկ ամբողջական մուլտֆիլմ ստեղծելը շատ բարդ, երկար ու մեծ համբերություն պահանջող գործընթաց է:
«Օրինակ այս «ա» տառի համար ես պիտի գրեմ, թե որքան է դրա արտաբերման տեւողությունը: Եվ այդպես բոլոր տառերի համար», - ասաց մուլտիպլիկատոր Գայանե Մարտիրոսյանը:

«Ա»-ին կհաջորդեն մյուս տառերը, որպեսզի Վիշապիկը հայկական «Վիշապագորգի գաղտնիքը» մուլտֆիլմից կարողանա արտասանել մեկ բառ: Այսպես տառ առ տառ հավաքվում են մուլտֆիլմերի հերոսների բառերը, որոնք հետո դառնում են արտահայտություններ ու նախադասություններ:

«Բիբերի, թարթիչների, ունքերի շարժումներից սկսած՝ ամեն ինչ իր տեղում պիտի լինի, որ հասկանալի լինի թե՛ շարժումը, թե՛ բառը, թե՛ գործողությունը», - բացատրեց Գայանեն:

Նրա խոսքերով, եթե ամեն օր մուլտֆիլմից 1-1.5 վայրկյան կարողանան նկարահանել, համարում են, որ օրը լավ է անցել: Տարվա ընթացում նկարահանում են 40 րոպեից մինչեւ 1 ժամ: Գայանեի փոխանցմամբ, երբեմն կերպարներն իրենք են թելադրում մուլտֆիլմի շարունակությունը. - «Ես երբեմն զգում էի, որ արդեն ես էլ այնտեղ գործ չունեի, իրենք՝ կերպարները ինչ ուզում անում էին, ինչ ուզում ինձ թելադրում էին»:

Թե որքան ժամանակում կստեղծվի մուլտֆիլը, կախված է դրա վրա աշխատող մարդկանց քանակից ու մուլտֆիլմի կերպարների բարդությունից: Աշխատանքը կարող է ձգվել տարիներով:

«Վիշապագորգի գաղտնիքը» մուլտֆիլմի 4-րդ մասի վրա այժմ աշխատում ենք 6-7 հոգով: Դրա համար մինչեւ ուշ երեկո աշխատում ենք, որ կարողանանք հասցնել», - ասաց Ազգային կինոկենտրոնի մուլտմիավորման տնօրեն Հայկանուշ Ներսեսյանը:

Գայանեն մոտ 20 մուլտֆիլմերի հեղինակ է, բայց եւս մի ցանկություն ունի. - «Ես շատ ուզում էի նկարահանել Ղազարոս Աղայանի «Արեքնազան» հեքիաթը, բայց դա բարդ ու թանկ ֆիլմ է, դրա հնարավորությունը չկա, բայց ես կփորձեմ դա իմ Վիշապիկի միջոցով անել»:

Հայկանուշ Ներսեսյանը հավելեց, որ արդեն ունենք հայկական երկու 3D մուլտֆիլմ: Առաջինը Հայկ Սահակյանցի 2 րոպեանոց «Բոմժը»-ն էր, երկրորդը՝ Անդրանիկ Սուքիասյանի «Գորտը»` նկարահանված Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի հիման վրա:

«Ավելի գրոտեսկային է արված, մեր առաջին ստերեո ձայնով 3D ֆիլմն է: 3D-ն անհնար է առանց մեծ գումարների, առանց ժամանակակից տեխնիկայի դա շատ բարդ կլինի», - նկատեց Գայանե Մարտիրոսյանը:

«Տեխնիկան շատ սուղ է, բայց այդ ամեն ինչով հանդերձ, մարդիկ արել են, եւ բավականին հաջողված ֆիլմ է ստացվել իմ կարծիքով», - հավելեց Հայկանուշ Ներսեսյանը:

2010 թվականին Կինոկենտրոնն ունեցել է 4 դեբյուտային մուլտֆիլմ: Այստեղ ասում են, որ երիտասարդները բավականին հետաքրքրված են մուլտիպլիկացիայով, եւ դրա զարգացումը պետք է հենց նրանց հետ կապել:

«Եթե այստեղ են աշխատում, այստեղ էլ մնան, իրենք էլ սովորեցնեն: Հիմա մեզ մոտ 3-4 հոգի փորձնական սովորում են մուլտիպլիկացիա: Եթե նրանցից մեկի մոտ էլ ստացվի, ու նա կարողանա աշխատել, դա կլինի մուլտիպլիկացիայի շարունակություն», - եզրափակեց Գայանե Մարտիրոսյանը:

Your browser doesn’t support HTML5

Մուլտֆիլմի կերպարները մինչեւ մուլտֆիլմը