«Մենք շրջապատված ենք անգրագիտության մշուշով»

Ռուբեն Հախվերդյանը, Վահան Արծրունին, «Սպեղանի» երգչախումբը, նաեւ «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը երկուշաբթի երեկոյան մասնակցելու են «Նարեկացի» արվեստի միության հիմնադրման 7-րդ տարեդարձին նվիրված համերգին:

Այս միությունը 2002-ին հիմնադրվել է ԱՄՆ-ում եւ մասնաճյուղեր ունի Երեւանում եւ Շուշիում: Ինչպես այսօր հրավիրած ասուլիսին ասաց միության նախագահ Նարեկ Հարությունյանը, այս տարիների ընթացքում իրենք մի առաքելություն են իրականացրել` աջակցել, հովանավորել հայ արվեստի եւ մշակույթի ժառանգության ներկայացուցիչներին, հնարավորություն ընձեռել նրանց հանդես գալ, ալբոմներ եւ ձայնասկավառակներ թողարկել, հրատարակել ժողովածուներ, եւ այս ամենը` բոլորովին անվճար:

Միության հիմնադիրները հնարավորություն են ունեցել իրականացնել այս գործունեությունը լիբանանահայ Հարությունյանների գործարար ընտանիքի շնորհիվ: Սակայն ինչպես այսօր ցավով շեշտեց Նարեկ Հարությունյանը, վերջին երկու տարում այս ընտանիքի գործարարական ձեռնարկները ինչ-ինչ անձանց շնորհիվ հայտնվել են ինչ-որ մութ պատմության մեջ:

«Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում ներդրումներ ենք արել` ավելի շատ հայրս եւ եղբայրս: Այդ բիզնեսների պատճառով այսօր կան տարօրինակ իրավիճակներ: Վստահել, լիազորել ենք մարդկանց, որոնք չարաշահել են, եւ տարօրինակ իրավիճակներ են ստեղծվել, համագործակցել են զանազան մարդկանց հետ` պետության մեջ, եւ այսօր պետական տարբեր մարմինների կողմից վերջին մեկ տարվա ընթացքում զանազան ճնշումներ եւ սպառնալիքներ կան` ուղղված իմ անձին եւ ընտանիքին: Այս անարդարությունը շարունակվում է», - ասաց Նարեկ Հարությունյանը:

Նա չմանրամասնեց, թե ովքեր են խնդիրներ առաջացրել Հարությունյան ընտանիքի համար, բայց ի պատասխան լրագրողների հարցերին, այնուամենայնիվ, շեշտեց, որ անհիմն ցուցմունքների հիման վրա քրեական գործ է հարուցվել, որի նպատակը, ըստ նրա, իր ընտանիքին պատկանող անշարժ գույքը հափշտակելն է:

Ասուլիսին մասնակցում էին նաեւ Ռուբեն Հախվերդյանը, ճարտարապետ Սամվել Կարապետյանը եւ կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը:

«Երգեր սկսեցի գրել այն պատճառով, որ սկսեցի զզվել այն հայերենից, որով գրում էին սովետական ժամանակներում երգերը, եւ ինչ որ այսօր են գրում` տառապած սեր, ողբանվագ… Մինչդեռ մեր երաժշտության մեջ ողբանվագություն չկա», - ասաց Հախվերդյանը` նշելով, որ այսօր անընդմեջ լսում ենք թուրքական երգեր - «Եթե 1915 թվին Թաթուլը կամ Արամ Ասատրյանը կամ մյուսը երգեին այդպիսի երգեր, մեզ երեւի չկոտորեին թուրքերը: Որովհետեւ նույն քարվանսարայի նողկալի նեյնիմներն են: Մենք մեր երեխաներին ասում ենք` հայ մնացեք, բայց ամեն օր հեռուստացույցով ի՞նչ ենք լսում…»:

Նարեկ Հարությունյանի ասածին անդրադառնալով` Ռուբեն Հախվերդյանը ասաց. - «Անարդարություն… Բանակից սկսի` թերթերով վերջացրու: Ընդհանուր անարդարությունն այն է, որ չընտրված պրեզիդենտը իրեն ընտրվածի տեղ է դնում եւ կարդալով է տեքստը ասում: Չինական իմաստունները ասում էին` եթե դու ուզում ես պետություն կառուցել, վերադարձիր բառերի նախնական իմաստին: Էս մարդիկ բառերը չգիտեն, նախնական իմաստը որտեղի՞ց հասկանան: Մենք շրջապատված ենք անգրագիտության մշուշով: Եթե մենք չպրծնենք այդ անգրագետներից, ահռելի քանակությամբ կռիսներ, ոչ թե մկներ, մեզ կուտեն: Թեկուզ քիչ ենք, բայց հայ ենք, եւ մենք պատասխանատու ենք մեր մշակույթի համար»:

«Մշակույթը երկրի թիվ առաջին անվտանգության խնդիրն է», - ասաց երաժշտագետ Արթուր Շահնազարյանը: - «Չի կարող մեր երկրում, մեր հայրենիքում լինել այնպիսի մի բան, որ վերջին արդյունքում կարողանա փլուզել մեր մշակութային գործունեությունը»:

Իսկ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի համոզմամբ` արդարարությունը մեր ժողովրդի կյանքից անբաժան է. - «Ուժեր, անձեր, որ անպայման պիտի խանգարեն, պիտի դավեն ճանապարհը եւ մեր առաջընթացը պիտի հետ պահեն»:

Ռուբեն Հախվերդյանը հայտարարեց, անարդարության դեմ պայքարելու նպատակով առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու է սեփական թեկնածությունը. - «Իսկապես, ինձ համար ամենամեծ հաճույքը երգ գրել է, բայց ես ստիպված պիտի նստեմ պրեզիդենտ: Ու այդ ժամանակ թող ոչ մեկը չնեղվի ինձնից»:

Your browser doesn’t support HTML5

«Մենք շրջապատված ենք անգրագիտության մշուշով»