Պաշտպանական կողմը պահանջում է վերսկսել Առաքելյանի գործի նախաքննությունը

Օգոստոսի 9-ին ոստիկանության բաժին բերման ենթարկված ընդդիմադիր ակտիվիստները:

Խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով օգոստոսի 9-ից բանտում գտնվող ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանի պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` պահանջելով վերսկսել Տիգրանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հիշեցնենք, Տիգրան Առաքելյանի եւ ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի եւ Արտակ Կարապետյանի գործի նախաքննության ավարտի մասին հայտնի դարձավ երկու օր առաջ: Բայց փաստաբաններն ու Կոնգրեսը, պնդելով, որ Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը չէր կարող անաչառ նախաքննություն իրականացնել, քանի որ խոսքը ոստիկանների հետ կապված միջադեպի մասին է, պահանջում են անաչառ նախաքննություն իրականացնել Հատուկ քննչական ծառայությունում:

«Ոստիկանության ենթակայության ներքո գտնվող Քննչական գլխավոր վարչությունը ոստիկանի վերաբերյալ քննվող գործում ինչպե՞ս կարող է լինել անաչառ: Սա ենթակա էր քննության Հատուկ քննչական ծառայությունում. Քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդված», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստարկեց երիտասարդների փաստաբան Վարդուհի Էլբակյանը:

Տիգրան Առաքելյանի եւ նրա երկու ընկերների գործով նախաքննությունը տեւել է ընդամենը 18 օր, ինչը պաշտպանական կողմը պատահական չի համարում. - «Այս կայծակնային արագությունն էլ է տարօրինակ թվում: Երեւի թե այս պարագայում քննչական խումբը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի այդ գործը 18 օրում` մաքսիմալ կարճ ժամկետներում ավարտի: Քննչական խմբի դիրքորոշում չէ այդպիսին, այլ նրանց պարտադրվել է: Միայն մեկ ենթադրություն կարելի է անել` ամեն գնով նրանք ցանկանում են ունենալ դատավճիռ` առանց ապացույցների, առանց հիմնավորումների»:

Վարդուհի Էլբակյանի փոխանցմամբ, ե'ւ Տիգրանը, ե'ւ մյուսները հրաժարվել են ցուցմունք տալ` հայտարարելով, որ ոստիկանության ենթակայությամբ գործող Քննչական վարչությունը ի վիճակի չէ անաչառ քննություն իրականացնել:

Հիշեցնենք, Տիգրան Առաքելյանը կալանավորվել էր օգոստոսի 9-ին Երեւանի Կարապի լճի մերձակայքում ընդդիմադիր ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած քաշքշուկից հետո: Նրանից բացի, եւս 6 ընդդիմադիրներ էին բերման ենթարկվել, որոնք այժմ ազատության մեջ են:

Տեղեկացանք, որ քրեական գործի նյութերում նկարագրված է Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ի սկզբանե բարձրաձայնած վարկածը` ինչ-որ քաղաքացի առանց դնչկալի շանը հանել է զբոսանքի, ոստիկանները մոտեցել են, դիտողություն արել, քաղաքացին ներողություն է խնդրել, եւ այդ ժամանակ Տիգրան Առաքելյանն ու մյուսները մոտեցել են, հայհոյել, ագրեսիվ վարք ցուցաբերել: Ընդդիմադիր ակտիվիստները հերքում են այս վարկածը:

ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի պատասխանատու Արմեն Խաչատրյանի պնդմամբ` որեւէ շուն չի եղել, ոստիկանները նվաստացրել են երկու երիտասարդների, եւ ընդդիմադիր ակտիվիստներն հենց այդ պահին են մոտեցել:

«Այնուամենայնիվ, ամբողջ քրեական գործը կառուցել են հենց այդ չարաբաստիկ շան վրա», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Խաչատրյանը: - «Ըստ գործի նյութերի, ոստիկանությունը հետազոտել է շանը, պարզել է, որ դա երեք տարեկան, սպիտակ գույնի, ագրեսիվ պահվածքով շուն է… Զարմանում եմ, որ մինչեւ այսօր շունը հայտարարությամբ հանդես չի եկել...»:

Հիշեցնենք, Տիգրան Առաքելյանը երկու տարի առաջ էլ էր ազատազրկվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, բայց դատարանը նրա գործը կարճել էր` հանցակազմի բացակայության հիմքով: Դրանից հետո Առաքելյանը դատի տվեց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` պահանջելով ներողություն խնդրել իր անմեղության կանխավարկածը ոտնահարող հրապարակային հայտարարություններ հնչեցնելու համար: Դատական այդ գործընթացը դեռ շարունակվում էր, երբ Առաքելյանը օգոստոսի 9-ին ձերբակալվեց:

Վարդուհի Էլբակյանը կապ է տեսնում այս երկու դեպքերի միջեւ, նաեւ` վրիժառության տարրեր: Նախաքննության արագ ավարտը փաստաբանը առավելապես պայմանավորում է Տիգրան Առաքելյանին բանտ նստեցնելու շտապողականությամբ. - «Երեւի թե նպատակը մեկն է` միանշանակ նստացնել Տիգրան Առաքելյանին, ազատազրկման դատապարտել»:

Հիշեցնենք, այս միջադեպն էր ՀԱԿ - իշխանություն երկխոսության առկախման առիթը. Կոնգրեսը հայտարարել է, որ բանակցությունները կշարունակի Տիգրան Առաքելյանի ազատ արձակումից հետո:

Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Տիգրան Առաքելյանի գործի նախաքննության արագ ավարտը այսպես բացատրեց. – «Այստեղ արդեն քաղաքական կողմը կա հարցի` ուղղակի արագ ավարտել, ազատվել այդ գործից»:

Հարցին, թե քաղաքական այս իրավիճակում հնարավոր է արդյոք դատարանի արդար վճիռ, Օհանյանը պատասխանեց. - «Հենց այս իրավիճակը հաշվի առնելով` կարող է պատվերը լինի` օբյեկտիվ դատավճիռ կայացնել, ոչ թե սուբյեկտիվ: Կարող է օբյեկտիվ էլ քննեն, ի վերջո արդարացնեն կամ, համենայնդեպս, մեղմ պատիժ տան` ազատազրկման հետ չկապված: Ավելի շատ դա եմ հավանական համարում»:

Your browser doesn’t support HTML5

Պաշտպանական կողմը պահանջում է վերսկսել Առաքելյանի գործի նախաքննությունը