Մարգար Օհանյանը կալանավորվեց

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյան

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով «Ճանապարհային ոստիկանության» ծառայության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանին այսօր մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար (Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով):

Ինչպես տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը, Օհանյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել կալանավորումը։

Գործի նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ Ճանապարհային ոստիկանության նախկին պետը ձերբակալվել էր օգոստոսի 30-ին` Ճանապարհային ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու եւ Ճանապարհային ոստիկանության համար նախատեսված վառելիքի մեծ մասը յուրացնելու փաստի առիթով հարուցված քրեական գործի առնչությամբ: