Աշուն-ձմեռ սեզոնին հագնվելու ենք 50-70-ականների ոճով

Russia -- shorts. Pants as shorts in fashion, undated

Տաբատներն ու մեծ պայուսակներն այլեւս նորաձեւ չեն:
«Զատիկ» նորաձեւության ստուդիայի դիզայներ-մոդելավորող Թերեզա Մինասյանը, վերլուծելով նորաձեւության այս ամռան միտումները, նկատեց, որ մեծ պայուսակներին ու տաբատներին փոխարինելու էին եկել «կլաչ» կոչվող փոքր պայուսակներն ու կանացի նուրբ զգեստները՝ երկար, թե կարճ: Նա նկատեց, որ սա ինչ-որ տեղ բացատրվում է կանացիության նկատմամբ կարոտով:

Այս ամառը հատկանշական էր վառ գույներով եւ աքսեսուարների լայն կիրառմամբ: Դիզայների խոսքերով, հաճախ հագուստի մեջ կարելի է օգտագործել մինիմալիզմ ՝ լրացնելով այն վառ աքսեսուարներով:

«Սկսել են շատ օգտագործել շալեր, վզնոցներ, գոտիներ եւ ոչ թե մեկ, այլ երկու, երեք գոտի միաժամանակ», - նշեց Թերեզան:

Նորաձեւության միտումներ թելադրում են, որ այս աշնանն ու ձմռանը հագնվելու ենք 50-ից 70-ական թվականների ոճով: Աշունը կշարունակի ամռան վառ գույների տենդենցը, չնայած աշունն ու ձմեռը սովորաբար նախանշվում են խամրած գույներով:

«Նորաձեւ կլինեն բալագույնը, մեղրագույնը, կապույտը, շագանակագույնը, քանի որ շատ մոդելավորողներ եկել են այն եզրակացության, որ աշնանն ու ձմռանն արժե ավելի վառ հագնվել՝ սեզոնային մգությունը շտկելու համար», - նկատեց դիզայները:

Նորաձեւ կլինեն երկարաճիտ կոշիկները, կարճ զգեստները, շրջազգեստներն ու կարճ մուշտակներ: Չնայած ձմռանը ցուրտ է, սակայն դիզայների խոսքերով, շատերը հաճախ առաջնորդվում են ոչ թե եղանակի, այլ` նորաձեւության թելադրանքով:

Փարիզում, Միլանում, Նյու Յորքում եւ նորաձեւության կենտրոն համարվող մյուս քաղաքներում ստեղծված հագուստները, ըստ Թերեզայի, հնարավոր է հարմարեցնել երեւանյան իրականությանը: Ուղղակի յուրաքանչյուրը պետք է փորձի գտնել իր ոճը՝ հարմարեցնելով այն նորաձեւության միտումներին:

Ըստ դիզայների` հայ կանայք եւ նույնիսկ տղամարդիկ սկսել են հետեւել համաշխարհային նորաձեւության միտումներին, որը հատկապես նկատելի է վերջին երկու տարիներին

«Տղամարդիկ ավելի համարձակ են դարձել մեր քաղաքում, որը առաջ չէր նկատվում: Իրենց ամառային սանդալները, որոնք առաջ հագնում էին գուլպաներով, հիմա առանց դրանց են հագնում, սպորտային ոճով գերթե չէին հագնվում, հիմա հագնվում են», - նկատում է Թերեզան:

Your browser doesn’t support HTML5

Աշուն-ձմեռ սեզոնին հագնվելու ենք 50-70ական թվականների ոճով