«Ռուսաստանի թունավոր խորքային պետությունը»

Խորհրդային ՊԱԿ-ի շենքը Մոսկվայում, 1970-ական թվականներ

«Ռուսաստանի թունավոր խորքային պետությունը». - այսպես է վերնագրված Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալի` The National Interest պարբերականում հրապարակված վերլուծությունը, որտեղ նա զուգահեռներ է անցկացնում Ռուսաստանի եւ Թուրքիայի իրականությունների միջեւ:

«20 տարի առաջ Միխայիլ Գորբաչովի դեմ պուտչը ձախողվեց, ինչը փոխեց աշխարհը: Այդ եղանակով հեղաշրջման ծրագրումն ու տապալումը խորհրդային ղեկավարների համար կոլեկտիվ ինքնասպանության էր նման եւ նրանց «կարապի երգն» էր` համահունչ Չայկովսկու «Կարապի լիճը» բալետին, որ այդ օրերին հեռարձակվում էր Առաջին ալիքով», - գրում է դե Վաալը: Չնայած Գորբաչովին տապալել
Թոմաս դե Վաալ

փորձող 8-հոգանոց արտակարգ հանձնաժողովի անվանական ղեկավարը փոխնախագահ Գենադի Յանաեւն էր, նա ինքը հիմնվում էր անվտանգության պաշտպանական համակարգի երեք առանցքային կերպարների` պաշտպանության նախարար Դմիտրի Յազովի, ներքին գործերի նախարար Բորիս Պուգոյի եւ ՊԱԿ-ի` ԿԳԲ-ի ղեկավար Վլադիմիր Կրյուչկովի վրա, նշում է փորձագետը:

Թոմաս դե Վաալը գրում է, որ հետագայում Բորիս Ելցինը կարողացավ ճնշել այդ կառույցը, սակայն այն չվերացրեց: ՊԱԿ-ԿԳԲ-ն վերանվանվեց մի քանի անգամ, բայց երբեք այսպես ասած մաքրման չենթարկվեց, եւ այնտեղ աշխատող պաշտոնյաները շարունակեցին աշխատել:

Թուրքիան, գրում է դե Վաալը, զարմանալիորեն նման պատմություն է ներկայացնում: Վերջին տասնամյակի Թուրքիայի պատմությունը հետեւյալն է` վարչապետ Ռեջեփ Էրդողանը փորձում է հնազանդեցնել երկրի զինվորական ղեկավարությանը, որը ժամանակին հնազանդեցրել էր բազմաթիվ քաղաքացիական իշխանություններ: Այս պատմությունը իր գագաթնակետին հասավ 2011 թվականի օգոստոսին, երբ Էրդողանը ստիպեց զինվորական վերնախավին զանգվածաբար հրաժարական տալ:

Սակայն Թուրքիայի անվտանգության կառույցները ավելի խորն են, ընդգծում է Թոմաս դե Վաալը եւ հավելում, որ ժամանակակից Թուրքիան ունի նաեւ ռազմական եւ անվտանգության կառույցների վրա հիմնված իր ստվերային համակարգը, որ հայտնի է որպես «խորքային պետություն»` մի խումբ մոլեռանդներ, ովքեր իրենց նվիրել են քեմալական պետության գրեթե սուրբ համարվող գաղափարի պաշտպանությանը ամեն տեսակ այլախոհներից:

«Խորքային պետությունը» կապված է բանակի եւ հետախուզության հետ: Այն հարվածում է հանկարծակի, ինչպես Ստաբուլում 2007 թվականին հայազգի լրագրող եւ խմբագիր Հրանտ Դինքի սպանությունն էր, որից հետո մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Դինքի մարդասպանին ոստիկանության աշխատակիցները պաշտպանել են, իսկ ապացույցները` կոծկել, նշում է փորձագետը:

Նման մի բան էլ տեղի է ունեցել հետխորհրդային Ռուսաստանում: Խորհրդային ժամանակներում ՊԱԿ-ը` ԿԳԲ-ն պետության սիրտն էր: Անգամ Խորհրդային Միության փլուզումից հետո այդ կառույցի ժառանգորդը գոնե մասամբ չի բարելավվել: Ու թեեւ Վլադիմիր Պուտինը ավելի ժողովրդավար պայմաններում ապրող հասարակություն է ղեկավարում, սակայն Ռուսաստանում էլ խորքային պետության պես մի բան է ձեւավորվել, որի արտահայտությունները ժամանակ առ ժամանակ ցնցում են:

Երկու ականավոր լիբերալ քաղաքական գործիչների` Գալինա Ստարովոյտովայի եւ Սերգեյ Յուշենկովի սպանությունները, Յուրի Շեկոչիխինի թունավորումը կապված են անվտանգության համակարգի ստվերային անձանց հետ, ովքեր հնարավոր է ինքնուրույն են գործում, սակայն` կառավարությանը մոտ իրենց բարեկամների լուռ համաձայնությամբ: Թոմաս դե Վաալը սպանությունների այս շարքում նշում է նաեւ Աննա Պոլիտկովսկայայի եւ Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանությունները եւ հարց տալիս` ի՞նչ ընդհանրություն ունեն շատ տարբեր մարդկանց այս սպանությունները. միայն մեկ բան` բոլոր զոհերը բացեիբաց քննադատում էին Ռուսաստանի պետական ղեկավարությանը:

Այն, ինչ արմատավորել է ԿԳԲ-ի վետերան Պուտինը, խնդիր չէր լինի Անդրոպովի կամ Կրյուչկովի ժամանակաշրջանում, եզրափակում է դե Վաալը` հավելելով. - «Բայց դա թույն է Ռուսաստանի պետության համար, դա անպատժելիության մթնոլորտ է, այդ մթնոլորտում հնարավոր են ապօրինի գործողություններ եւ նույնիսկ պատվիրված սպանություններ, թեպետ պարտադիր չէ, որ դրանք պատվիրված լինեն ամենավերեւից»։