Տիգրան Պասկեւիչյան. «Երկխոսությունը հենց սկզբից ունեցավ ծույլ ընթացք»

Իշխանության հետ երկխոսող ՀԱԿ պատվիրակությունը, 16 օգոստոս, 2011

Հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, ՀԱԿ-ի կողմից առկախված երկխոսությանն անդրադառնալով, համոզմունք հայտնեց, որ եթե իշխանությունը մտադրություն ունենար շարունակել երկխոսությունն ընդդիմության հետ, ուրեմն արդեն վերացրած կլիներ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կալանքը:

«Տիգրան Առաքելյանի կալանքի հարցի լուծվել-չլուծվելը այստեղ երկրորդական է: Եթե չլիներ այդ դեպքը, անպայման կգտնվեր մեկ այլ պատճառ, որը կհանգեցներ նրան, որ այս երկխոսությունը գոնե առկախվեր կամ ժամանակավորապես դադարեցվեր, որովհետեւ իմ տպավորությամբ, ինքը հենց սկզբից ունեցավ որոշակիորեն ծույլ ընթացք, էնտուզիազմ չկար այդ ամեն ինչի մեջ», - ասաց Պասկեւիչյանը:

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ ամիս առաջ սկսված ՀԱԿ-իշխանություն երկխոսության ընթացքում տեղի է ունեցել 6 հանդիպում, հստակեցվել է քաղաքական օրակարգը, կողմերը փոխանակել են արտահերթ ընտրությունների փաստարկներն ու հակափաստարկների առայժմ մի մասը: ՀԱԿ-ը իշխանությանը զգուշացրել էր, որ երկխոսությունը կշարունակվի, եթե ազատ արձակվի ընդդիմադիր ակտիվիստը:

«Ակնհայտորեն երեւում է, որ իրենք տանում էին դեպի ձախողում: Ի՞նչ պիտի անի Տիգրան Առաքելյանը, եթե լինի դրսում, եւ ՀԱԿ-ն էլ իր կողմից երաշխավորում է, որ նա կմասնակցի դատաքննությանը, դատավարություններին, եւ փորձն էլ մինչ այդ ցույց է տվել, որ այդ տղան երբեք չի փախել որեւէ դատավարությունից», - ասաց Պասկեւիչյանը` հավելելով, թե այս միջադեպը «իշխանությունը օգտագործեց իր նպատակների համար»:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ Էդգար Վարդանյանի գնահատմամբ` երկխոսությունն առկախելու վերաբերյալ ընդդիմության այսօրվա որոշումն անսպասելի չէր:

«Կոնգրեսի մարտավարությունն այն էր, որ Կոնգրեսը բանակցում է իշխանությունների հետ այն պարագայում, երբ Հայաստանում չկան քաղաքական բանտարկյալներ: Հիմա քանի որ Կոնգրեսը համարում է, որ կա կոնկրետ մեկ քաղաքական բանտարկյալ` Տիգրան Առաքելյանը, սպասելի էր եւ տրամաբանական Կոնգրեսի այսօրվա կատարած քայլը», - ասաց Վարդանյանը:

Նկատի ունենալով Հայաստանի դատական համակարգի անկախության աստիճանը` փորձագետը կասկածից վեր է համարում, որ եթե լինի քաղաքական որոշում, ուրեմն ՀԱԿ ակտիվիստի կալանքից ազատելու պահը չի ուշանա:

«Քանի որ Հայաստանը, ըստ էության, իրավական եւ ժողովրդավարական երկիր չէ, այս պայմաններում նման խնդիրները սովորաբար հենց քաղաքական լուծումներ են ստանում», - ասաց փորձագետը:

Տիգրան Պասկեւիչյանն անխուսափելի է համարում քաղաքական ճգնաժամային իրավիճակի փոփոխությունը, եւ, նրա կարծիքով, իշխանությունը դեռ մտածելու ժամանակ ունի:

«Այս իշխանությունները պետք է հասկանան, որ ի վերջո Հայաստանում պետք է տեղի ունենան ինչ-որ փոփոխություններ: Իշխանափոխություն բառից են խրտնում, արտահերթ ընտրություններ բառերից են վախենում, ինչ-որ փոփոխություններ` ես անուն չեմ տալիս: Եթե իրենք ուզում են մասնակցել այդ փոփոխություններին` որպես քաղաքական ուժեր, ուրեմն այս երկխոսությանը պետք է չափազանց լուրջ մոտենան: Եթե չեն ուզում մասնակցել, ուրեմն ես ասում եմ` վաղը, մյուս օրը, շատ շուտով, հասարակական այս բուռն զայրույթը, բողոքը կգա, կսրբի իրենց», - կարծում է Պասկեւիչյանը:

ՌԱՀՀԿ-ի փորձագետի խոսքով` ներկայիս քաղաքական գործընթացներով իշխանությունն ուզում է ցույց տալ, թե ինքն է իրավիճակի տերը:

«Իհարկե, իշխանությունները նաեւ տեսնում են, որ հասարակությունն այսօր այն աստիճան ուժեղ չէ, որ իսկապես շատ լրջորեն անհանգստացնի իշխանություններին: Այս բոլոր գործընթացները տեղավորվում են հենց այս տրամաբանության շրջանակներում: Եթե հասարակությունը իսկապես ցանկանում է լուրջ համակարգային փոփոխություններ, եթե ցանկանում է պայքարել ժողովրդավարության համար, ուրեմն ամբողջ պատասխանատվությունը ինքնակառավարման, ինքնակազմակերպման ճանապարհով պետք է վերցնի իր վրա», - ասաց Վարդանյանը:

Your browser doesn’t support HTML5

Տիգրան Պասկեւիչյան. «Երկխոսությունը հենց սկզբից ունեցավ ծույլ ընթացք»