«Մենք ուզում ենք Երեւանը դառնա երաժշտական քաղաք»

Երեւանի ամառային երաժշտական փառատոնի լոգոն:

Օգոստոսի 26-ից 28-ը Ազատության հրապարակը կլցվի երաժշտությամբ. հանդիսատեսին ներկայանալու են ռոք եւ ջազ ուղղվածության 12 խմբեր Հայաստանից եւ արտասահմանից:
«Երեկոյան ժամը 19-ից կհնչի կենդանի երաժշտություն` օրը 4 խմբի մասնակցությամբ: Մենք ուզում ենք Երեւանը դառնա երաժշտական քաղաք. իսկական երաժշտություն հնչի, փառատոններ լինեն ամեն ժանրի մեջ», - նշեց փառատոնի կազմակերպիչ, Vibrographus ընկերության հիմնադիր տնօրեն Վարդան Գրիգորյանը:

Փառատոնն անցկացվում է քաղաքապետարանի աջակցությամբ: Երեւանի ամառային երաժշտական փառատոնը ամենամյա փառատոն է դառնալու եւ ժամանակի ընթացքում ավելանալու են տեւողությունը, մասնակցող խմբերն ու երաժշտական ուղղությունները:

Փառատոնի 3-րդ օրը հայկական խմբերից The Beautified Project-ի, Dogma-ի կողքին հնչելու է նաեւ «Բամբիռ»-ը: Խմբի կիթառահար եւ երգիչ Նարեկ Բարսեղյանը նշեց. - «Սա երաժշտության շքերթ է լինելու ու ինչ լավ կլինի Հայաստանում ամենամյա նման փառատոն ունենալ»:

Dogma խմբի երաժիշտներից Դերենիկ Վարդումյանը, ով հարվածային գործիքներ է նվագում, նշում է, որ մասնակցությունը միջազգային փառատոններին մեծ նշանակություն ունի խմբերի համար: «Խմբի կենսագրության մեջ անպայման գրանցվում է, որ մասնակցել են միջազգային փառատոնի: Նշանակություն չունի պետության աշխարհագրական դիրքը»:

Դերենիկը կարծում է, որ արտասահմանցի երաժիշտների հետ շփումը եւ փորձի փոխանակումը ամենակարեւորն է փառատոնում: «Որպես կանոն դրսից հրավիրված երաժիշտները պրոֆեսիոնալ երաժիշտներ են, ովքեր իրենց հետ բերում են պրոֆեսիոնալիզմ: Հայկական խմբերը իրենցից սովորելու շատ բան ունեն, սկսած նրանից, թե ինչպես են իրենց գործիքները լարում, միացնում եւ այլն»:

«Արտասահմանյան խմբերի հետ աշխատելն ավելի հեշտ է», - նշում է Դերենիկը եւ ավելացնում, որ ամեն բան կախված է խմբերի փորձառությունից:

Your browser doesn’t support HTML5

«Մենք ուզում ենք Երեւանը դառնա երաժշտական քաղաք»