Կալանավորված ակտիվիստներից երկուսն ազատ արձակվեցին. ԼՐԱՑՎԱԾ

ՀԱԿ յոթ ակտիվիստները

Վերաքննիչ դատարանը բավարարեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կալանավորված երեք ակտիվիստներից երկուսի բողոքը եւ կալանքից ազատեց Սարգիս Գեւորգյանին եւ Արտակ Կարապետյանին:

Սարգիս Գեւորգյանի նկատմամբ կալանքի փոխարեն խափանման միջոց ընտրվեց բնակավայրից չհեռանալու ստորագրությամբ, իսկ Արտակ Կարապետյանը ազատ արձակեց 3 միլիոն դրամ գրավի դիմաց: Սակայն Վերաքննիչ դատարանը մերժեց նույնքան գրավի դիմաց ազատ արձակել այս գործով ամենածանր մեղադրանքներով կալանավորված Տիգրան Առաքելյանին:

Փաստաբան Վարդուհի Էլբակյանը որոշման հրապարակումից հետո հայտարարեց, թե բոլոր հիմքերը կային, որ Վերաքննիչ դատարանը Տիգրան Առաքելյանին կալանավորելու որոշումը եւս փոխարիներ գրավով:

«Դատարանը գտավ, որ Տիգրան Առաքելյանի կալանքը վերացնելու որեւէ հիմք չկա: Գտան, որ Տիգրան Առաքելյանի նկատմամբ գրավ կիրառելու հիմքերը բավարար չեն, ընդամենը դա հայտարարվեց», - ասաց Էլբակյանը:

Հիշեցնենք, որ ոստիկանության հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով ձերբակալված ՀԱԿ յոթ ակտիվիստներից կալանավորվել էին այս երեքը: Արտակ Կարապետյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, իսկ Սարգիս Գեւորգյանը` խուլիգանության մեջ: Տիգրան Առաքելյանին մեղադրանք ներկայացվել է երեք հոդվածով` խուլիգանություն, նաեւ` իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր եւ վտանգավոր բռնություն գործադրելը: Ընդդիմադիր երիտասարդները այս մեղադրանքները չեն ընդունում:

Փաստաբան Ստեփան Ոսկանյանն ասաց, թե քննչական գործողություններ, ըստ էության, չեն կատարվում:

«Ներկա դրությամբ որեւէ նման գործողություն չի արվել` նաեւ երեւի նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեր պաշտպանյալները հրաժարվում են ընդհանրապես ցուցմունք տալ այն պատճառաբանությամբ, որ չեն վստահում այդ համակարգին` որպես շահագրգիռ կողմի: Այսինքն ընդհարումը տեղի է ունեցել ոստիկանության աշխատակիցների հետ, բնականաբար, արդար նախաքննություն չեն ակնկալում», - ասաց Ոսկանյանը:

Your browser doesn’t support HTML5

Կալանավորված ակտիվիստներից երկուսն ազատ արձակվեցին. ԼՐԱՑՎԱԾ