2011-ին Հայաստանում ակնկալվում է զբոսաշրջության աճ 20 տոկոսով

Իրանցի զբոսաշրջիկները Երեւանում:

Այս տարվա հունվար–հունիս ամիսներին Հայաստան է այցելել 266.000 զբոսաշրջիկ, որը մոտ 15 տոկոսով ավելի է, քան 2010 թվականին:
Տարեվերջին նախատեսվում է ունենալ զբոսաշրջության մոտ 20% աճ: Նույնիսկ 2009 թվականին, երբ ամբողջ աշխարհում գրանցվել էր զբոսաշրջության նվազեցում, Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը չէր պակասել` անգամ աճել էր 3%-ով:

Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, Հայաստան այցելող զբոսաշրջիկների հիմնական մասը Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից եւ ԱՄՆ-ից է:

Զբոսաշրջությունը մեծ եկամուտներ է ապահովում: Այդուհանդերձ «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը անհանգստացած է զբոսաշրջության բացասական կողմերով: Նրա խոսքերով, ի շահ զբոսաշրջության գործադրված ջանքերը մեզ կանգնեցնում են մի շարք բնապահպանական խնդիրների առջեւ: Մասնավորապես, նա բերեց Սեւանի եւ Դիլիջանի օրինակները.

«[Դիլիջանի] ազգային պարկի 70%-ը ճանաչված է որպես ռեկրեացիոն գոտի: Այսինքն` ամբողջ այդ տարածքը կտոր-կտոր բաժանված է, տրված է վարձակալության տասնյակ տարիներով, եւ կառուցված են օբյեկտներ: Ինչի՞ հաշվին՝ բնության հաշվին: Սեւանի վրա էլ ճնշումը շատ մեծ է եւ անհավասարաչափ է բաժանված Սեւանի ավազանով», - ասաց նա:

Ապրեսյանի համոզմամբ` պետք է օգտագործել պատմամշակութային հուշարձանները ի նպաստ նույն հուշարձանների. - «Պատմամշակութային հուշարձանների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն նշանակում է դրանց արդյունավետ օգտագործում: Պետք է կարողանանք դրանցից եկամուտներ ստանալ, եւ այդ եկամուտների մի մասը ուղղել այդ պատմամշակութային հուշարձանների պահպանությանը»:

Զբոսաշրջության զարգացմանն ուղղված հերթական քայլը Հնդկաստանի եւ Չինաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի պարզեցումն էր: Բացի այդ, իջեցվել է նաեւ վիզաների գինը. բացի 120 օր տեւողությամբ եւ 15.000 դրամ դրույքաչափով վիզայից, սահմանվել է նաեւ 21 օր տեւողությամբ եւ 3000 դրամ պետական դրույքաչափով վիզա:

Your browser doesn’t support HTML5

2011թ.-ին Հայաստանում կգրանցվի զբոսաշրջության 20% աճ