ԱՄՀ-ը զգուշացրել է, որ ծախսերի կրճատումը կարող է վնասել համաշխարհային տնտեսությանը

Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիսթին Լեգարդը Financial Times թերթում հրապարակած իր մեկնաբանությունում հայտարարել է, որ աշխարհի խոշոր պեությունների կողմից բյուջետային ծախսերի չափազանց արագ կրճատումը կարող է վնասել համաշխարհային տնտեսության առողջացմանը եւ խորացնել գործազրկության խնդիրը:

Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ Եվրոպայի խոշորագույն տնտեսությունները վերջին շրջանում քննարկում են իրենց բյուջեների դեֆիցիտը պակասեցնելու եւ պարտքերը թեթեւացնելու նպատակով ծախսերի կտրուկ կրճատումներ կատարելու հարցը, ինչը սակայն կարող է առաջ բերել տնտեսական աճի տեմպերի դանդաղում ողջ աշխարհում:

ԱՄՀ-ը խրախուսում է զարգացած տնտեսություններ ունեցող երկրներին իրենց դեֆիցիտի կրճատման, հարկերի բարձրացման եւ ծախսերի նվազեցման հարցում առավել երկարաժամկետ մոտեցումներ որդեգրել եւ խուսափել կտրուկ կրճատումներից: