Օգոստոսի 9-ի մամուլ

«Հրապարակ»-ում զետեղված մի մեկնաբանությունում կարդում ենք. - «Կայացավ ՀԱԿ-իշխանություն բանակցությունների երրորդ հանդիպումը, ակնհայտ է` իշխանությունները ցանկանում են մանր-մունր հարցեր քննարկելով ժամանակ ձգել: Ճիշտ է` վերջիններս օրակարգ ընդունել են ՀԱԿ-ի պահանջը, չպետք է շփոթել, թե արտահերթ ընտրությունների հարցը ՀԱԿ-իշխանություն բանակցությունների առարկան է, այն ընդամենը քննարկման հարցերից մեկն է: Հետեւաբար չպետք է անհամբերությամբ սպասել, թե դրա վերաբերյալ իշխանությունը համաձայնության կգա: Ակնհայտ են նաեւ Կոնգրեսի որդեգրած տակտիկական հակասական հնարքները, որը խաղում է մերթ բարի, մերթ չար ոստիկանի դերեր: Եթե Լեւոն Զուրաբյանը իր հարցազրույցներում պնդում է, որ Կոնգրեսը վերջնագրերի լեզվով է խոսում, ապա վերջին հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանը չնայած հայտարարեց` աշնանը «լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում», ավելացնելով սակայն. «Սա ոչ թե վերջնագիր է, այլ ընդամենը զգուշացում»»:

Lragir.am-ի մեկնաբանը գրում է. - «Թերեւս իշխանությունը Հայ ազգային կոնգրեսին պատասխանում է այնպես, ինչպես որ Կոնգրեսն է խոսում իշխանության հետ: Կոնգրեսը սկսված երկխոսությունը մեկ որակում է պետության հեղինակությունը բարձրացրած իրողություն, որը կարող է հայ ժողովրդի պատմության քաղաքական ավանդույթի մեծագույն նախադեպ դառնալ, մեկ էլ իշխանությանը որակում է գող, կոռումպացված, ավազակ: Զարմանալիչէ, որ ընդդիմության հետ էլ նույն կոնտրաստներով խոսում է իշխանությունը: Ասենք, Դավիթ Հարությունյանն ու Գագիկ Մինասյանը խոսում են «ձոն երկխոսությանը» սկզբունքով, իսկ Գալուստ Սահակյանն էլ խոսում է «մեր դեմ խաղ չկա» տարբերակով: Միգուցե բավական խորհրդանշական է նաեւ, որ նրանք, ովքեր միջանկյալ ջրբաժանից հետո ներկայում մերձենում են երկխոսությամբ, անկախության տարիների սկզբին էլ միասին էին, միեւնույն թիմում, համակարգում: Այլ կերպ ասած, շրջանը կարծես թե փակվում է: Իհարկե, դեռ կա ժամանակ տեսնելու, թե պետության, քաղաքացիների համար կոնկրետ ինչ էական արդյունքով է փակվում: Բայց առայժմ, կարծես թե այդ արդյունքն ավելին չէ, քան այն ժամանակ էր, երբ շրջանը համատեղ սկսվում էր ու դեռ կարգին չէր բացվել»:

«Առավոտ»-ի լրագրողը պատգամավոր Արծվիկ Մինասյանին (ՀՅԴ) հարցնում է. - «Ընտրական փաթեթի մի դրույթի վերաբերյալ էին ՀԱԿ-ի եւ ԱԺ ընդդիմության տեսակետները տրամագծորեն հակադիր: Դաշնակցությունը եւ «Ժառանգություն»-ը դեմ էին, որ կենտրոնական ընտրական եւ ստորադաս հանձնաժողովները ձեւավորման պետության կողմից»: Պատասխան. - «Այն, ինչ Կոնգրեսը անվանում է «պետության կողմից ձեւավորում», այսօր հենց այդպես էլ ձեւավորված են առնվազն կենտրոնական եւ ընտրատարածքային հանձնաժողովները, իսկ տեղամասային հանձնաժողովները փորձ է արվել լղոզել` քաղաքական ուժերի միջեւ բաժանելով առանձին տեղերը: Խորհրդարանական ընդդիմությունը շատ հստակ խնդիր էր առաջադրում` մեզ պետք է, որ ընտրական հանձնաժողովների կողմից կայացվող որոշումները լինեն անաչառ: Այդ խնդիրը լուծելու երկու հնարավոր ճանապարհ կա` կա'մ հանձնաժողովները կազմավորվում են իշխանության եւ ընդդիմության 50/50 հարաբերությամբ` ի սկզբանե հավասարակշռելով որոշումները, կա'մ էլ պատասխանատվությունը ամբողջովին վերապահվում է իշխանությանը, բայց ընդդիմությունն է ստանձնում վերահսկողական ու բողոքարկման արդյունավետ համակարգեր»:

«Ժողովուրդ» օրաթերթը Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանին հարցնում է. - «Ղարաբաղը ի՞նչ է անում բանակցային սեղան վերադառնալու համար: Արդյո՞ք ձեր իրավունքների ոտնահարմանը տեր եք կանգնում»: Պատասխան. - «Մի կողմից Արցախը մեղավոր չէ, որ դուրս է մնացել բանակցային գործընթացից: Չէ՞ որ սա Ադրբեջանի մեղքն է. նա է սկսել գործընթացը, որ մենք դուրս ենք մնացել բանակցություններից: Միջնորդ երկրները եւս կրում են դրա համար պատասխանատվություն: Մյուս կողմից պետք է հասկանալ, որ հիմա հեշտ չէ ձեւաչափը վերականգնելը: Ադրբեջանը մերժում է այն: Եվ մենք մեկ այլընտրանք ունենք` դադարեցնել բանակցությունները: Բայդ արդյո՞ք սա ավելի լավ է, քան անգամ խեղաթյուրված ձեւաչափով բանակցությունները»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Թերեւս շատերը նկատած կլինեն, որ Երեւանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի շենքի ֆասադի քարերի մեծ մասի վրա կան ջարդվածքներ: Իրար հպվող հատվածներում քարերը «ծլեպ են տվել» ու թափվել: Բայց այն, որ «ծլեպ տված» այդ քարերի թիվը շատացել է հատկապես վերջին շրջանում, նկատել են միայն շատ ուշադիրները: Ճարտարապետներն ու շինարարները ներքին զրույցներում կասկած են հայտնում, որ դա կարող է պայմանավորված լինել Ազատության հրապարակի տակ ավտոկանգառի կառուցմամբ: Այս կարծիքները, սակայն, հրապարակայնություն չեն ստանում այն պատճառով, որ Ազատության հրապարակի տակ ավտոկանգառի կառուցումը քաղաքական, խիստ քաղաքական հարց է»:

Your browser doesn’t support HTML5

Օգոստոսի 9-ի մամուլ