Համահայկական խաղերի մասնակից քաղաքների թիվը կգերազանցի 120-ը

Armenia - The draw ceremony of 5th Pan-Armenian Games. 08Aug., 2011

Գլխավոր մրցավարների եւ հյուրերի ներկայությամբ Երեւանի շախմատի տանը կայացավ Համահայկական խաղերի վիճակահանությունը վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ եւ մինի-ֆուտբոլ մարզաձեւերից:
Համահայկական 5-րդ խաղերի գլխավոր մրցավար Եղիշ Դավթյանը նշեց, որ այս տարի արվել է ամեն ինչ Հայաստանի մարզադահլիճներն ու մարզադաշտերը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու եւ պայմանները բարելավելու համար:

«Լավագույն դահլիճները, դաշտերն ու լողավազաններն են ընտրվել: Պայմանները չեն զիջի եվրոպական որեւիցե միջոցառման: Նախորդ տարիներին ունեցել ենք հանդերձարանների, ցնցուղների խնդիր, ինչն այս տարի լուծվել է», - հայտարարեց Դավթյանը:

Համահայկական խաղերին կարող են մասնակցել հայկական անձնագիր, ծագում ունեցող Հայաստանի եւ արտերկրի քաղաքացիները` անկախ իրենց ազգային պատկանելիությունից: Համահայկական խաղերի մասնակիցների համար տարիքային սահմանափակում չկա: Հայտերն ընդունվում են նույնիսկ խաղերի մեկնարկից հետո: Ներկա պահին մասնակից քաղաքների թիվը գերազանցել է 120-ը:

Եղիշ Դավթյանը նշեց, որ թիմերը կունենան նաեւ մարզվելու հնարավորություն. - «Մարզադաշտերի ղեկավարության հետ ունենք պայմանավորվածություն: Թիմերը երբ էլ մեզ դիմեն, մենք պարտավոր ենք մարզումների համար տարածք տրամադրել»:

Ներկայացված 10 մարզաձեւերից կանայք չեն մրցում միայն ֆուտբոլում եւ մին-ֆուտբոլում: Մյուս 8 մարզաձեւերում կազմվում են կանանց եւ տղամարդկանց թիմեր:

Համահայկական խաղերի ջահը վառվել է օգոստոսի 5-ին Արցախում, որը մասնակից քաղաքների մարզիկները փոխանցումավազքով հասցնելու են Երեւան օգոստոսի 13-ին:

Համահայկական խաղերի կոմիտեից տեղեկացրեցին, որ ջահն արդեն վառվել է Գորիսում, Գանձասարում, Եղեգնաձորում եւ շուտով կհասնի Արարատ:

Your browser doesn’t support HTML5

Համահայկական խաղերի մասնակից քաղաքների թիվը կգերազանցի 120-ը