Լրացավ ռուս - վրացական պատերազմի երեք տարին

Վրաստան - Ռուսական զորքերը շարժվում են Գորիից դեպի Թբիլիսի, 13-ը օգոստոսի, 2008թ.

Երեք տարի առաջ` օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը Ցխինվալիում սկսվեցին ռազմական գործողությունները վրացական ու հարավօսական զինված ուժերի միջեւ: Մի քանի ժամ անց կոնֆլիկտը վերածվեց ռուս- վրացական պատերազմի՝ ծանր ռազմական տեխնիկայի եւ ավիացիայի գործադրմամբ:

Ռուս - վրացական հնգօրյա պատերազմի հետեւանքով, ըստ տարբեր հաշվարկների, զոհվել է 400-ից մինչեւ 2 հազար մարդ: Փախստականների մասին տվյալները նույնպես հակասական են. ռուսական կողմը հաղորդում է շուրջ 40 հազար փախստականների մասին, վրացական կողմը՝ հարյուր հազարավոր: ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լոմայան այս տարվա հունիսի 29-ին ՄԱԿ-ում հայտարարեց, որ այս պահին Վրաստանի տարածքում կան 400 հազար փախստականներ:

2008-ի օգոստոսյան իրադարձություններից երեք տարի անց էլ երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունները մնում են փակուղային, քանի որ կողմերը միմյանց են մեղադրում պատերազմը սկսելու մեջ:

Վրաստանը պնդում է, որ պատերազմը հրահրվել է հարավօսական զինված խմբավորումների կողմից, վրացական իշխանությունները ստիպված են եղել պատասխանել վրացական գյուղերի ռմբահարումներին, իսկ Ռուսաստանը օգտվել է առիթից, միջամտել եւ գրավել Վրաստանի տարածքի 20 տոկոսը:

Ռուսաստանն էլ հայտարարում է, որ պատերազմը ծրագրված է եղել պաշտոնական Թբիլիսիի կողմից՝ բարձրագույն ղեկավարության մակարդակով: BBC-ի փոխանցմամբ` Ռուսաստանը Վրաստանի դեմ հայցով դիմել է Միջազգային քրեական դատարան, ներկայացնելով փաստաթղթեր, որոնք, ըստ պաշտոնական Մոսկվայի, հաստատում են իր այս պնդումները:

Միաժամանակ, ըստ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պատերազմի եռամյա տարելիցի կապակցությամբ Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ռուսական ռազմաբազաների տեղակայման մասին համաձայնագրերը:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության տեղեկություններով` անցած տարվա փետրվարին եւ ապրիլին ստորագրված համաձայնագրերով նախատեսվում է Աբխազիայում եւ Հարավային Օսիայում տեղակայել ընդհանուր թվով 3800 զինծառայող՝ 49 տարի ժամկետով: Համաձայնագրերը հնարավորություն են տալիս 49-ամյա ժամկետը լրանալուց հետո երկարաձգել դրանք:

Պաշտոնական Թբիլիսին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու` Մոսկվայի քայլից հետո սա որակում է իր տարածքային ամբողջականության դեմ հերթական ոտնձգությունը: