Զինվորական ծառայության փոխարեն` 5 ամիս կամավոր աշխատանք Հայաստանում

Մի քանի ամսվա պարտադիր զինվորական ծառայության փոխարեն, որը Գերմանիայում 2010-ին ամբողջությամբ վերացվել է, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը դպրոցն ավարտած երիտասարդներին առաջարկում էր մեկնել աշխարհի տարբեր երկրներ` կամավոր աշխատելու ցածր աշխատավարձով, սովորեցնելու մարդկանց գերմաներեն, տարածելու գերմաներենն ու գերմանական մշակույթը:
2010-ին 12-ամյա դպրոցն ավարտելուց հետո Ֆելիքս Վոլտերը որոշում է գնալ քաղաքացիական ծառայության:

«Գերմանիայում 5-րդ, հիմա գուցե արդեն 3-րդ դասարանից պարտադիր սովորում ենք անգլերեն, ապա 7-րդ դասարանից ընտրում ենք 2-րդ օտար լեզուն, օրինակ, ես կարող էի ընտրությունս կատարել ռուսերենի, ֆրանսերենի ու լատիներենի միջեւ ու սկսեցի սովորել ֆրանսերեն մինչեւ 10-րդ դասարան: 9-րդ դասարանում ցանկության դեպքում կարող ես սովորել նաեւ 3-րդ օտար լեզուն, այդ ժամանակ էլ սկսեցի ուսումնասիրել իսպաներենը», - «Մաքս լիբերթի»-ի հետ զրույցում պատմեց Ֆելիքսը:

Ավագ դպրոցում Ֆելիքսը նշված լեզուներից բացի սկսում է սովորել նաեւ ռուսերեն: Քաղաքականությամբ, միջազգային հարաբերություններով հետաքրքրվող երիտասարդը ընտրում է ամենատարածված ու իր հետագա մասնագիտությանը ամենապիտանի լեզուները:

Քաղաքացիական ծառայության իր հայտը ներկայացնելիս Ֆելիքսը հույս ուներ հայտնվել իսպանախոս, ռուսախոս կամ ֆրանսախոս երկրում, բայց նրան ասացին, որ Հայսատան պիտի գնա: Այս ծառայության դեպքում երկիրը ընտրվում է համապատասխան գրասենյակի կողմից, բայց, այնուամենայնիվ, երբեք չի պարտադրվում երիտասարդին: Ֆելիքսը ուներ երկու շաբաթ` մտածելու ու կողմնորոշվելու, եւ որոշեց, որ անպայման կգա Հայաստան:

«Գիտեք` Գերմանիայում ինչքան շատ են թուրքերը, մոտ 2 միլիոն կամ ավելի շատ, ու բազմաթիվ գերմանացիներ իրենց արձակուրդները անցկացնում են Թուրքիայում: Նաեւ շատ են գնում Ասիա` Հնդկաստան, Չինաստան, Թաիլանդ: Աշխարհի այս շրջանը (Հարավային Կովկաս) մեզ մոտ հանրահայտ չէ: Ես լսել էի Հայաստանի մասին, մի փոքր գիտեի ցեղասպանության մասին, բայց խորը գիտելիք ձեռք բերեցի միայն հետազոտելուց հետո»:

Ֆելիքսը «Մաքս լիբերթի»-ի հետ զրույցում պատմեց, որ իր ծնողները մի փոքր անհանգստացան, երբ լսեցին իր` Հայաստան գնալու ծրագրի մասին, քանի որ ռուս-վրացական կարճատեւ պատերազմի մասին նորությունների թողարկումներից գիտեին, ու նրանց համար այս տարածաշրջանը պատերազմների տեսանկյունից պայթյունավտանգ տարածք էր:

Փոխարենը Ֆելիքսը գիտեր, որ Հայաստանը ապահով երկիր է, բայց երբ եկավ այստեղ, հաճելիորեն զարմացավ, որովհետեւ Երեւանը, ըստ Ֆելիքսի, շատ ավելի ապահով քաղաք է, քան նա պատկերացնում էր:

Ֆելիքսը Հայաստանի քաղաքական իրադրությունը շատ հետաքրքիր է համարում, ինչը հաջորդ պատճառն էր, որ նրան բերեց այստեղ:

19-ամյա երիտասարդը Հայաստանում ապրել է 5 ամիս ու շուտով տուն կվերադառնա: Նա այստեղ դասավանդել է գերմաներեն, իրականացրել որոշ բնապահպանական կրթական ծրագրեր դպրոցականների համար: Այս 5 ամիսների ընթացքում, Հայաստանի տարբեր մարզեր ճամփորդելուց բացի, նաեւ եղել է Վրաստանում, Իրանում ու Թուրքիայում:

«4 անգամ եղել եմ Վրաստանում, ընդհանուր` մոտ մեկ ամիս: Վրաստանը ինձ շատ է դուր եկել, Հայստանը նույնպես, ընդհանրապես, կարծում եմ` երկու երկրների մարդիկ իրար շատ նման են` չնայած այս մասին լսել ո՛չ հայերին է հաճելի, ո՛չ վրացիներին, բայց, իրոք, նման են. մարդիկ շատ հյուրասեր են, շատ սիրալիր: Վրաստանը ունի մի առավելություն` տուրիստական երկիր է. սահմաններին մի քանի լեզուներով գրված է «Բարի գալուստ», «Լավ ժամանց Վրաստանում» եւ այլն, իսկ Հայաստանի սահմանին քեզ այնքան էլ սպասված չես զգում, միանգամից վիզայից են հարցեր տալիս»:

Ֆելիքսի կարծիքով, Հայաստանը զբոսաշրջության տարածք դառնալու հնարավորություն ունի. - «Կարծում եմ, Հայաստանը լավ երկիր է զբոսաշրջության համար, բայց եթե ցանկանում եք այցելուներ ունենալ, պետք է ավելի ուշադիր լինեք նրանց հանդեպ, կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի այս խնդրին»:

Ըստ երիտասարդի` Հայաստանում շատ ոլորտներում բարեփոխումների կարիք կա: Ֆելիքսը, աշխատալով 4 հայկական դպրոցներում, նկատել է, որ կրթական համակարգի բարեփոխումների համար անհրաժեշտ է ուսուցիչներին ավելին վարձատրել:

Ֆելիքս Վոլտերը, Գերմանիա վերադառնալով, կսովորի որեւէ գերմանական բուհում տնտեսագիտություն եւ քաղաքագիտություն:

Հայաստան անպայման կվերադառնա` այցելելու ընկերներին ու տեսնելու` ինչ փոփոխություններ են տեղի ունեցել երկրում իր բացակայության ընթացքում: Բացի այդ, շատ է ցանկանում վերադառնալ տարածաշրջան` Ադրբեջան այցելելու համար. Հայաստանում անցկացրած 5 ամիսների ընթացքում մեծ հետաքրքրություն է առաջացել նաեւ հարեւան Ադրբեջանի հանդեպ:

Your browser doesn’t support HTML5

Ֆելիքս