Ուկրաինայի նախկին վարչապետը կալանավորվել է «գազի» գործով

Այսօր կալանավորվել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն։Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, դատարանը բավարարել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը ` չհեռանալու մասին ստորագրությունը, կալանքով փոխարինելու` դատախազության միջնորդությունը։ Պաշտոնական հիմնավորումն այն է, որ ազատության մեջ մնալով Տիմոշենկոն խոչընդոտում է քննության ընթացքին եւ վկաների հարցաքննությանը։

Ուկրաինայի նախկին վարչապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելով՝ 2009-թվականին Ռուսաստանի հետ գազի առաքման գործարքներ կնքելու մեջ։ Երկրի գործող վարչապետ Նիկոլայ Ազարովը այսօր դատարանում տված ցուցմունքում հաստատել է, որ Տիմոշենկոն ստորագրել է Ռուսաստանի հետ համապատասխան պայմանագրերը՝ ոտնահարելով սեփական երկրի եւ ժողովրդի շահերը։

Յուլիա Տիմոշենկոն Ուկրաինայում 2004-ի նարնջագույն հեղափոխության առաջնորդներից էր, ով անցած տարվա նախագահական ընտրություններում պարտվեց մրցակից Վիկտոր Յանուկովիչին։ Իր դեմ հարուցված քրեական գործը Տիմոշենկոն որակում է քաղաքական հաշվեհարդար։