Հայաստանի պատմամշակութային հուշարձանները հոգածության կարիք ունեն

Սանահինի վանական համալիրը:

Հայաստանի կառավարությունը հուշարձանների վերականգնման համար հատկացնում է մոտավորապես 1 մլն դոլար այն դեպքում, երբ հարեւան Վրաստանում միայն պետական բյուջեով հուշարձանների վերականգնման համար հատկացվում է 9 մլն դոլար:
Օրեր առաջ լրատվամիջոցներում տարածվեց տեղեկատվություն, ըստ որի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը պատասխանելով Սանահինի եկեղեցու վերանորոգման մասին հարցին իբրեւ ասել էր, թե ինքը «սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունի»: Հետագայում Կաթողիկոսի մամո խոսնակը հայտարարել էր, որ կաթողիկոսի խոսքերն աղավաղված են ներկայացվել:

«Մենք Սանահինը Հայ առաքելական եկեղեցուն հանձնել ենք դեռեւս 1998 թվականին, բայց պաշտոնական փաստաթղթերով գրանցումը կատարվել է այս տարվա ապրիլին, որոշումը եղել է, բայց ձգձգվել է, մինչեւ պաշտոնապես հաստատվի», - լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի օրը ասաց Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վլադիմիր Պողոսյանը:

Կան եւս 25-30 հուշարձաններ, որոնք կառավարության որոշումով հանձնվել են Հայ առաքելական եկեղեցուն, բայց իրավական փաստաթղթերը ձեւակերպվել են վերջին մի քանի ամիսների ընթացքում:

Խոսելով Երեւանի պատմամշակութային ժառանգության մասին` «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» տնօրեն Հակոբ Սիմոնյանն ասաց, որ ըստ 1993 թվականին հաստատված փաստաթղթի, Երեւանում առանց պատմական հուշարձանները պահպանելու որեւէ շինարարական կամ բարեկարգման աշխատանքներ չէր կարելի իրականացնել:

«2001 թվականին քաղաքապետարանը, հիմք ընդունելով այն փաստը, որ այդ փաստաթուղթը չի վերագրանցվել, այն չեղյալ հայտարարեց, ու սկսվեց հուշարձանների ջարդը: Մենք կորցրինք հին Երեւանը», - ասաց Հակոբ Սիմոնյանը:

Նրա խոսքերով, մեր պատմամշակութային ժառանգությունը այնպիսի մեծ հոգածության կարիք ունի, որ պետք է ընտրել առաջնահերթության կարգով. - «Արդեն վկայագրված պատմամշակութային արժեքների քանակը Հայաստանում 26.000 է, դա նշանակում է, որ ամեն 1կմ² վրա գտնվում է մեկ հուշարձան»:

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի պատմամշակութային հուշարձանները հոգածության կարիք ունեն