Ոչ ավանդական բուժման միջոցները եւս արդյունավետ են

Մարդկանց մեծամասնության կողմից անվստահելի համարվող ոչ ավանդական բուժման միջոցներին՝ ասեղնաբուժությանն ու բուսաբուժությանը, այդուհանդերձ, շատերն են դիմում:
Նյարդաբան-ասեղնաբույժ, Չինաստանի ժողովրդական հանրապետության բժշկական գիտությունների դոկտոր Շուշանիկ Մխիթարյանի խոսքով, ասեղնաբուժությամբ իմաստ չունի բուժել ինֆեկցիոն հիվանդությունները, կոպիտ օրգանական փոփոխությունները եւ ուռուցքները:

«Հաջողություններ ունենք նեւրոզների, գլխացավերի, աղերի կուտակման, կարճատեսության եւ այլ հիվանդությունների բուժման մեջ», - ասաց Շուշանիկ Մխիթարյանը:

Զրուցակցիս խոսքերով, Հայաստանում ասեղնաբուժությունը սկսել է զարգանալ 1980-ական թվականներից, չնայած այն բանին, որ չինական այս բուժման միջոցն ունի 2000 տարուց ավելի պատմություն, եւ Չինաստանում հենց ասեղնաբուժությունն է համարվում սովորական, իսկ այն բուժման մեթոդները, որոնք օգտագործվում են արեւմուտքում՝ ոչ ավանդական:

«Չինաստանի բնակչության 60%-ը օգտվում է չինական բժշկությունից: Այնպիսի մեծ ստուգարք, ինչպիսին չինական բժշկությունն է անցել, մեր բժշկագիտության ոչ մի բնագավառ չի անցել», - ասաց Շուշանիկ Մխիթարյանը:

Մարիետա Կարապետյանն առաջին մասնագիտությամբ մանկաբույժ է: Իր խոսքերով, զբաղվելով ե'ւ ավանդական բժշկությամբ, ե'ւ ոչ ավանդական համարվող բուսաբուժությամբ, զգացել է վերջինիս առավելությունը որոշ հիվանդություններ բուժելու հարցում, եւ արդեն 18 տարի է, ինչ զբաղվում է բուսաբուժությամբ:

Նա պնդում է, որ ցանկացած բուսաբույժ պետք է բժշկական կրթություն ունենա, քանի որ այժմ կան բազմաթիվ գրքեր, որտեղ նկարագրված են տարբեր հիվանդություններ եւ այն բույսերը, որոնցով կարելի է բուժել դրանք:

«Ցանկացած մարդ կարող է դեղաբույսեր պատրաստել դրանց օգնությամբ», - ասում է Մարիետա Կարապետյանը:

Բուսաբույժի առավելությունը այն է, որ նա նախ եւ առաջ բժիշկ է եւ կարող է կանխատեսել այն բոլոր ոչ ցանկալի հետեւանքները, որոնց կարող է բերել դեղաբույսերի օգտագործումը:

Մեկ այլ ոչ ավանդական բուժման միջոց, որը համեմատաբար նոր է Հայաստանում, կոչվում է ռեյկի: Ռեյկիի միջոցով վերականգնվում է մարդու էներգետիկ դաշտի կայունությունը:

«Ռեյկին էներգիաներով ինքնաբուժման տեխնիկա է: Գիտականորեն ապացուցված է, որ այն տարբեր էներգիաների փունջ է, որոնք հիմնականում բուժիչ ազդեցություն ունեն օրգանիզմի վրա», - ասաց ռեյկիստ Լուսինե Առաքելյանը:


Your browser doesn’t support HTML5

Ոչ ավանդական բուժման միջոցները եւս արդյունավետ են