Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի հարցը` կրկին Սենատի հանձնաժողովում

Ֆրենսիս Ռիչարդոնե, արխիվային լուսանկար

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում երեքշաբթի օրը նախատեսված են լսումներ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիչարդոնեի թեկնածության հաստատման վերաբերյալ:

Ռիչարդոնեն պետք է պատասխանի սենատորների հարցերին, ինչի արդյունքներով նախ հանձնաժողովը պետք է հավանության արժանացնի նրա թեկնածությունը, այնուհետեւ Սենատը պետք է հաստատի:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը անցած տարվա օգոստոսի 3-ին Ռիչարդոնեի թեկնածությանը հավանություն տվել էր, եւ հարցը տեղափոխվել էր լիագումար նիստ: Սակայն հանրապետական սենատոր Սեմ Բրաունբեքը առկախեց քվեարկությունը: Համոզմունք հայտնելով, որ Ռիչարդոնեն լավագույն դիվանագետը չէ` Թուրքիայում Միացյալ Նահանգների շահերը ներկայացնելու համար, Բրաունբեքը ԱՄՆ-ի վարչակազմին կոչ արեց «վերանայել այս թեկնածությունը»: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, այնուհանդերձ, անցած տարվա դեկտեմբերի վերջին օգտվելով Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքից եւ այն հանգամանքից, որ Սենատը արձակուրդում էր, Ֆրենսիս Ռիչարդոնեին նշանակեց Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում:

Քանի որ, ըստ ամերիկյան օրենսդրության, Սենատի շրջանցմամբ նախագահի նշանակած դեսպանները հնարավորություն ունեն աշխատելու մոտավորապես մեկ տարի, եւ այդ ընթացքում դիվանագետների թեկնածությունները պետք է արժանանան Սենատի հավանությանը, հակառակ դեպքում՝ նրանց լիազորությունները դադարեցվում են, Ֆրենսիս Ռիչարդոնեի թեկնածությունը նորից է քննարկվելու:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը, եթե օրենսդիրը դեմ քվեարկի Ռիչարդոնեին, Բարաք Օբաման Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի նոր թեկնածություն է առաջադրելու:

«Անցյալ տարի նախագահ Օբաման շրջանցեց Սենատի պատգամը եւ իրեն նշանակեց առանց Սենատի հավանության, երկրորդ անգամ այդ նույն քայլը չի կարող անել: Ուրեմն, այս անգամ պետք է նախ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, եւ ապա` Սենատը համաձայնի պարոն Ռիչարդոնեի թեկնածությանը, որպեսզի նա շարունակի պաշտոնավարել», - ասաց Էլիզաբեթ Չուլջյանը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը ամերիկահայերին կոչ է արել հորդորել իրենց սենատորներին՝ հարցեր տալ Ռիչարդոնեին Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ ԱՄՆ-ի քաղաքականության, ինչպես նաեւ թուրք - ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ: Ըստ Էլիզաբեթ Չուլջյանի` երեքշաբթի օրվա լսումները ցույց կտան, թե որքանով է Ռիչարդոնեն վերանայել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության խնդրի առնչությամբ:

«Վերջին տարվա ընթացքում տեսանք, որ պարոն Ռիչարդոնեն խոսել էր մի պատմական հանձնաժողովի մասին` որպես մի տարբերակ, որ դիտարկվի Հայոց ցեղասպանության հարցի գծով: Անշուշտ, Հայ դատի հանձնախումբը եւ ընդհանրապես ամերիկահայ գաղութը չի հավատում, որ որեւէ պատմական հանձնաժողով տեղին է, եթե պետք է հարցականի տակ դնի Հայոց ցեղասպանության իրողությունը: Սա է, որ պետք է Ամերիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մի քիչ ավելի հետապնդի եւ շիտակ հարցումներ անի», - ընդգծեց Հայ դատի գրասենյակի խոսնակը:

Ինչ վերաբերում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Օբամայի վարչակազմի կողմից առաջադրված Ջոն Հեֆերնի թեկնածության հաստատմանը` այդ հարցը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը անցած շաբաթ որոշեց տեղափոխել իր հաջորդ աշխատանքային նիստ, որը, ամենայն հավանականությամբ, կկայանա սեպտեմբերին: Հետաձգման առաջարկով հանդես էր եկել հայամետ սենատոր Ռոբերտ Մենենդեսը:

Ըստ Էլիզաբեթ Չուլջյանի` սենատորներն այժմ ուսումնասիրում են Հեֆերնի թեկնածությունը հաստատելու նպատակահարմարությունը:

«Պարոն Հեֆերնին ներկայացվել են հարցեր, որոնց պատասխաններին ենք սպասում», - նշեց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակը: