Դրական փոփոխություններ երիտասարդների ուժերով

Դրական փոփոխություններ` երիտասարդների ուժերով

Մարիամ Սարգսյանը 19 տարեկան է, սովորում է Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում եւ 2010 թվականի Global Changemaker-ն է Հայաստանում:
Դեռ դպրոցական տարիներին դասարանի ակտիվիստներից էր: Դասընկերների հետ այցելություններ էր կազմակերպում մանկատներ, խնդիրներ ունեցող երեխաներին, կանանց եւ անչափահասների քրեակատարողական հիմնարկ, զրուցում նրանց հետ, ծանթանում խնդիրներին:

Մարիամը նշում է, որ միշտ ցանկություն է ունեցել փոքրիկ օգնություններից բացի կարիքավոր մարդկանց կյանքում անել գլոբալ փոփոխություն:

Մարիամը սկսեց նախ ընկերանալ նրանց հետ. - «Այդպես նրանք ավելի անկեղծանում են: Միանգամից գումար պահանջելու փոխարեն ներկայացնում են այն, ինչի կարիքն իսկապես ունեն»:

10-րդ դասարանում Մարիամը սկսեց ռեփ կարդալ, որը կոչ էր աղքատության վերացմանը: Ռեփը կարդաց իր երկու ընկերների հետ 2007 թվականի հոկտեմբերի 17-ին աղքատության վերացման միջազգային օրվան նվիրված միջոցառումների ժամանակ: Ապա Մարիամը որոշեց կատարել այնպիսի մի քայլ, որը կբերեր գլոբալ փոփոխություն կարիքավոր մարդկանց կյանքում. դիմեց Changemaker ծրագրին:

7 տարի առաջ Բրիտանական խորհրդի աջակցությամբ ստեղծվել է Global Changemaker-ների ցանցը: Այն այսօր 110 պետություններում ունի մոտ 800 անդամ:

Ծրագրի նպատակն է աշխարհում փոփոխություններ մտցնել երիտասարդների միջոցով:

Մասնակիցները 18, 19 տարեկան երիտասարդներ են, որոնք իրենց երկրներում շատ ակտիվ են, իրականացնում են կամավորական ծրագրեր, ընդգրկված են տարբեր կազմակերպություններում:

Բրիտանական խորհրդի ծրագրերի պատասխանատու Լիլիթ Քալանթարյանը նշում է. - «Մեր նպատակն է` այդ երիտասարդների վրա մի փոքր աշխատելով իրենց դարձնել գլոբալ փոփոխություն կատարողներ, համաշխարհային խնդիրների մեջ իրենց տեղական խնդիրների լուծումները գտնողներ: 18-ը այն տարիքն է, որ շատ է ոգեւորությունը, շատ են գաղափարներն ու կարծրացած չեն եւ իրենց թվում է, որ հնարավորություններն ավելի շատ են, եւ իրենք կարող են անել ամեն ինչ: Մեզ հենց էդպիսի մարդիկ են պետք, որոնք կարող են սխալ բաներն իրենց տեսանկյունից դարձնել ավելի բարի, ավելի ճիշտ, ավելի մարդկային»:

Հայաստանն արդեն 7-րդ տարին մասնակցում այս ծրագրին եւ 7 տարվա ընթացքում ունեցել է 4 մասնակից: 2010 թվականին Մարիամը դարձավ 4-րդ մասնակիցը եւ մեկնեց Լոնդոն` մասնակցելու Changemaker-ի հավաքին:

Լիլիթ Քալանթարյանը նշում է, որ հավաքին մասնակցող տարբեր երկրներից ընտրված երիտասարդները ծանոթանում են միմյանց հետ, ձեռք են բերում տարբեր հմտություններ ու գիտելիքներ:

Մարիամն ավելացնում է. - «Հավաքի ժամանակ 10 Global Changemaker-ներ տարբեր պետություններից որոշեցին համամարդկային փոփոխության ծրագիր իրականացնել աղքատության եւ սովի ոլորտում: Մենք գրեցինք մի ծրագիր, որն իրականում վիրտուալ պետություն է`«Հույսի երկիր»: Մեր նպատակը դրական փոփոխություններ մտցնելն է այն մարդկանց կյանքում, ովքեր զրկված են ձայնի իրավունքից, անհանդուրժողականության ու անհավասարության զոհն են»:

Սակայն 7-ը հրաժարվել են մասնակցել ծրագրին եւ մնացել ենք 3 ներկայացուցիչներ` Հայաստան, Նոր Զելանդիա, Մարոկկո:

Ուրբաթ երեկոյան Մարիամը կազմակերպել էր Hopeland-ի («Հույսի երկիր») joinhopeland.org կայքի շնորհանդեսը: Կայքը հնարավորություն կտա օգնության ձեռք մեկնողների ու խնդիրներ բարձրաձայնողների միջեւ ստեղծել փոխադարձ կապ:

Մասնագիտությամբ ծրագրավորող Ռուբեն Ալանակյանը միացել է հայաստանյան Global Changemaker-ին ու նշում է, որ դեռ մանկուց իր մեջ սերմանել են օգնել իրեն շրջապատողներին, փորձել դրական փոփոխություն անել: Նա այսօր Մարիամի հետ միասին փորձում է օգնել իր հասակակիցներին. - «Մենք կարող ենք համոզել մարդկանց, որ իրենք կարող են, իրենք ուժեղ են, իրենք կարող են աշխարհը գրավել: Աշխարհը մերն է, մենք այն գրավելու ենք»: