Գաբրիել Սարգսյան. «Մեզ մոտ այդ հաղթողի հոգեբանությունը կա»

Շախմատի Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանի գնահատմամբ, շախմատի աշխարհի այս տարվա առաջնությունը, որում Հայաստանը նվաճեց չեմպիոնի կոչումը, ամենաուժեղն էր նախկինում տեղի ունեցած առաջնությունների համեմատ:

«Առաջին 10 հավաքականներից 9-ը հանդես էին գալիս այդ մրցմանը: Երբեք դա չի եղել: Ստացվեց շատ ծանր, շատ դժվար եւ շատ ուժեղ մրցում: Մենք շատ ուրախ ենք, որ մեզ հաջողվեց առանց պարտությունների անցկացնել այդ մրցումը եւ նվաճել առաջին տեղը: Մեր առաջատարը` Լեւոն Արոնյանը, թիմին տանում էր իր հետեւից», - այսօր հրավիրած ասուլիսում պատմեց մարզիչը:

Հարցին, թե ո՞րն էր հաղթանակի գրավականը, Արշակ Պետրոսյանը պատասխանեց. - «Մեր թիմում կա այդ թիմային ոգին` բոլորը մեկի համար, մեկը բոլորի համար, եւ ուրիշ երկրների ներկայացուցիչները գրում են, որ մեզ մոտ ասես ընտանեկան մթնոլորտ լինի:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` ո՞ր հավաքականի հետ մրցակցությունն էր ավելի դժվար, Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը պատասխանեց. - «Ուժեղագույններն էին, բայց քանի որ բազմիցս հաղթել ենք, մեզ մոտ այդ հաղթողի հոգեբանությունը կա: Այդ պատճառով այնքան էլ էական չէ, թե որ թիմի հետ ենք խաղում: Դժվարությունը կախված է այն բանից, թե ինչքան է մնացել վերջին` ինչքան մոտենում է այդ պահը, երբ զգում ես, որ արդեն կարող ես հաղթել, այնքան դժվարությունները զգում ես»:

Հարցին, թե ո՞ր պարտիայից հետո էիք զգում, որ հաղթանակը մոտ է, Գաբրիել Սարգսյանը պատասխանեց` «Ես հինգերորդ խաղից հետո 90 տոկոսով հավատում էի, որ չեմպիոն կդառնանք»:

Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե ինչո՞ւ Լեւոն Արոնյանը առաջնությունից հետո չէր վերադարձել Երեւան:

Հավաքականի մարզչի պարզաբանմամբ. - «Նա ուներ իր ծրագիրը. նա պետք է այդտեղից մեկներ Ավստրալիա: Այդպես ստացվեց, ուրիշ ոչ մի հարց չկա»:

Հայաստանի հավաքականի անդամ Վլադիմիր Հակոբյանին խնդրեցին մեկնաբանել Ադրբեջանի հավաքականի անդամ Մամադովի հետ խաղը, որտեղ Հակոբյանը հաղթանակ տարավ: Մասնագետների կարծիքով, այդ պարտիայում Մամադովը կարող էր ավելի շուտ հանձնվել, ինչը չէր անում:

«Իրոք նա կարող էր եւ շուտ հանձնվել` 20 քայլ առաջ երեւի կարելի էր հանձնվել, երբ պարզ դարձավ, որ դիրքն արդեն տարված է: Այնպես որ, մի պահ անսպասելի էր, որ շարունակում է, բայց դա պայքար է իրենց համար` դա պարզ է: Եթե հանձնվի, հետո իրեն կարող են մեղադրել, որ չի պայքարել մինչեւ վերջ», - կարծիք հայտնեց Վլադիմիր Հակոբյանը:

Your browser doesn’t support HTML5

Գաբրիել Սարգսյան. «Մեզ մոտ այդ հաղթողի հոգեբանությունը կա»