Հուլիսի 29-ի մամուլ

«Ժամանակ»-ի առաջնորդողում կարդում ենք. - «Հայաստանը պարադոքսների երկիր է: Կենդանաբանական այգում գազանները կարող են ապրել ուղղակի նույնիսկ վայրի կենդանիների համար անտանելի պայմաններում, իսկ քաղաքապետարանը հոգ տանի գազանանոցում անվճար WiFi կապի մասին: Մարդիկ կարող են երկրից հեռանալ, արտագաղթել ընդմիշտ կամ տարվա սկզբից մինչեւ վերջ տուն ու տեղ, ընտանիք թողած մեկնել խոպան, իսկ կառավարության ղեկավարը կարող է հպարտանալ տարածաշրջանում միակ 4G սերնդի տեխնոլոգիա կիրառող երկիր լինելու համար: Ի՞նչ անուն տալ սրան, ինչպե՞ս վերաբերվել այդ պարադոքսին: Մի կողմից` սա վկայում է կառավարության, իշխանության ոչ ադեկվատության մասին, բայց մյուս կողմից` իշխանությունը լավ էլ ադեկվատ է ամեն ինչին ու ամեն ինչ անում է լավ էլ գիտակցված` փորձելով ինտերնետներով ու տարատեսակ սերնդային տեխնոլոգիաներով շղարշել քարանձավային իրականությունը»:

Իսկ «Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Ի՞նչ անի Սերժ Սարգսյանը, որ չարժանանա քննադատության: Եվրոպական բարձր ամբիոնից հայտարարում է, որ Հայաստանի իշխանությունը հայ ժողովրդին տարիներ շարունակ պատրաստել է խաղաղության՝ չի հասկացվում սեփական ժողովրդի կողմից: Շաբաթներ շարունակ տարբեր անձինք ու կազմակերպություններ դատապարտում են նրան պարտվողականության, խեղճության համար: Ծաղկաձորում պատանիների հետ հանդիպմանը փորձում է քիչ ավելի ինքնավստահ երեւալ եւ «ատամ ցույց» տալ հակառակորդին՝ հիմա էլ թուրքերն ու ադրբեջանցիներն են գլուխ բարձրացնում: Թուրքիայի արտաքին գործոց նախարարությունն անգամ դատապարտող հայտարարություն է տարածում: Այո, բարդ կացության մեջ է հայտնվել Հայաստան պետությունն ու իր իշխանությունը: Ի՞նչ քայլ անի, որ ոչ ներսից, ոչ դրսից պարսավանքների չարժանանա»:

«Առավոտ»-ի զրուցակից, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը հարցին, թե Կոնգրես - կոալիցիա բանակցություններում որն էր իշխանության «շոշափելի օգուտը», որն այսքան արագ եղավ, պատասխանել է. - «Իշխանությունները կարողացան ՀԱԿ-ի օգնությամբ լիցքաթափել իրավիճակը, բաց թողնել գոլորշին մի պարագայում, երբ կարծես թե սոցիալական հողի վրա ընդվզումը թվում էր անխուսափելի»: Սա, քաղաքագետի կարծիքով, սակայն, սոցիալական այն խավերում, որոնք պատրաստ էին ամենայն ակտիվությամբ աջակցել Կոնգրեսին, եթե ՀԱԿ-ը իրենց առջեւ խնդիր դներ, օրինակ` անցնելու շարունակական քաղաքական ցույցերի, ակցիաների, նստացույցերի, առաջացրել է հուսահատություն եւ հուսախաբություն: «Այդ հատվածին Կոնգրեսը կարծես թե, կորցրեց, եւ քանի երկարում է այս պրոցեսը` ձեւաչափի, հետո` օրակարգի ճշգրտում եւ այլն, այնքան մեծանում եւ խորանում է հիասթափությունը ակտիվ հատվածի մոտ, որոնք պատրաստ էին զրկանքների գնով աջակցել Կոնգրեսին: Եվ քանի այս մասսան նվազում է, այս բանակցությունների ընթացքում Կոնգրեսի դիրքերը թուլանում են իշխանությունների մոտ», - ասում է Հմայակ Հովհաննիսյանը:

Նույն հարցի վերաբեյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանի (ՀՅԴ) հետ: Լրագրողը հարցնում է. - «Ի՞նչ է նշանակում այն, որ հակադիր կողմերի օրակարգերը իրար չեն հակասում, կարծես մեկը մյուսի շարունակությունն են»: Պատասխան. - «Չէ, երկուսն էլ խոսում են ընտրությունների մասին, մեկը պարզապես ասում է` արտահերթ ընտրություններ, մյուսը` ընտրություններ: Այդ իմաստով հակասություն, իհարկե, չկա: Բայց դա դեռ չի նշանակում, որ նրանք համաձայնել են իրենց սկզբունքային մոտեցումների առումով: Այսինքն, միշտ էլ իշխանությունները կարող են ասել, որ մենք խոսում ենք ընդհանրապես ընտրությունների անցկացման հետ կապված քաղաքակիրթ միջավայրի ձեւավորման անհրաժեշտության մասին, Կոնգրեսն էլ կասի` ես օրակարգ եմ բերել իմ ուզած հարցը: Այս փուլում, բնականաբար, ամեն ինչ արվում է, որ բանակցությունները ի սկզբանե չխափանվեն, եւ որեւէ մեկը իր վրա չվերցնի դրա պատասխանատվությունը»: Հարց. - «Ինչպե՞ս եք մեկնաբանում այն, որ արտահերթ ընտրությունների հարցը հայտնվեց բանակցային սեղանին»: Պատասխան. - «Բանակցային սեղանին հայտնվելը դեռ ոչինչ չի նշանակում: Բանակցային սեղանի շուրջ ինչ հարց ասես, կարող է քննարկվել: Օրինակ, ղարաբաղյան բանակցություններում ինչպիսի իրարամերժ հարցեր են հայտնվել սեղանին: Կարեւորն այն է, թե վերջում ինչի տակ են ստորագրելու եւ ինչի շուրջ են համաձայնության գալու»:

«Երկիր» օրաթերթը գրում է. - «Կոնգրեսի պատվիրակության հետ բանակցող կոալիցիայի աշխատանքային խմբի առանձին անդամների այն ակնարկները, թե կողմերի հաջորդ հանդիպումից պարզ կդառնա` ծավալված երկխոսությունը հեռանկար ունի՞, թե՞ ոչ, հուշում է, որ ընթացող բանակցություններում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, որքան ներկայացվում է: Եվ դա բնական պետք է համարել, որովհետեւ Կոնգրեսը պահանջում է քննարկել ոչ այնքան կոնկրետ հարցեր, առաջարկվող լուծումներ, որքան մեկնաբանություններ ու գնահատականներ: Նրանք պահանջում են տարիների ընթացքում քարոզչության միջոցով իրենց ձեւավորած պատկերը ներկայացնել որպես անառարկելի փաստ, աքսիոմա` առանց հաշվի առնելու, որ դրանք ոչ թե համընդհանուր, այլ ընդամենը քաղաքական կոնկրետ ուժի դիրքրոշումներ են»:

Your browser doesn’t support HTML5

Հուլիսի 29-ի մամուլ