Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կարող է հասնել 40 աստիճանի

Armenia -- Summer heat in Yerevan, 27Jul2011

«Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ մինչեւ օգոստոսի 2-ը մայրաքաղաքում, Արարատյան դաշտավարյում եւ Սյունիքի հովիտներում կգրանցվի 40 աստիճան տաքություն:

«Այսօր, վաղը օդի ջերմաստիճանի աննշան նվազում է սպասվում 0.5-0.8 աստիճանով: Ամսի 30-ին, 31.-ին, 1-ին սպասվում է օդի ջերմաստիճան Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում մինչեւ 40 աստիճան», - ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքով, ջերմաստիճանը բարձր կլինի անգամ գիշերը, հատկապես մայրաքաղաքում, որտեղ նվազագույն ջերմաստիճանը կտատանվի 27-28 աստիճանի սահմաններում:

«Բարձր ջերմաստիճանի ֆոնին չափազանց նվազել է օդի հարաբերական խոնավությունը` հասնելով նվազագույնի», - նշեց «Հայպետհիդրոմետի» օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետը` հավելելով, որ ջերմաստիճանը կսկսի նվազել միայն օգոստոսի 5-ից հետո: