Էրդողանը Սարգսյանից պահանջում է ներողություն խնդրել

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Բաքվում, արխիվային լուսանկար

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե Հայաստանի նախագահը պետք է ներողություն խնդրի «արեւելյան Թուրքիան գրավելու»` դպրոցականներին ուղղված կոչի համար:

Չորեքշաբթի օրը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը ասել է, թե Սերժ Սարգսյանի խոսքը նախագահին հարիր հայտարարություն չէ: «Դա պատմական սխալ է, որը պետք է ուղղվի», - հայտարարել է Էրդողանը:

Հաղորդելով այս մասին` թուրքական Zaman-ը գրում է, որ դպրոցականների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով արեւմտյան տարածքներն ու Արարատ լեռը վերադարձնելու մասին հարցին` Սերժ Սարգսյանը ասել է, թե «դա ձեր սերնդի խնդիրն է»:

Ըստ թուրքական լրատվամիջոցների` Բաքվում Էրդողանը ասել է, թե «Սարգսյանի հայտարարությունը սադրիչ է, ապագա սերունդների մեջ ատելություն եւ թշնամություն սերմանելը հարիր չէ պետական գործչին, ի՞նչ է լինելու հայ երիտասարդների ապագան, նրանք իրադարձություններին նայելու են սեւ ակնոցներով»: «Սարգսյանը շատ լուրջ սխալ է թույլ տվել: Նա պետք է ներողություն խնդրի», - ասել է Թուրքիայի վարչապետը:

Հայաստանին քննադատելով նաեւ, իր խոսքերով, ղարաբաղյան բանակցություններում ոչ կառուցողական դիրքորոշման համար, Էրդողանը ասել է, թե Ադրբեջանը աշխատում է խաղաղության համար եւ դրական մասնակցություն ցուցաբերում բանակցություններին:

Իլհամ Ալիեւը նույնպես արձագանքել է Սերժ Սարգսյանի խոսքերին` ասելով, թե հայերը պետք է արթնանան երազներից, նայեն իրական կյանքին: Նա հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, ու Սարգսյանի խոսքերը «Թուրքիայի պատմական հողերը գրավելու մասին» միայն ցույց են տալիս հայերի նվաճողական ձգտումները:

Ավելացնելով, որ «Հայաստանին թվում է, թե արդեն լուծել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը», Ալիեւը հայտարարել է, թե Ադրբեջանը հետ կվերադարձնի իր տարածքները կա'մ խաղաղ ձեւով, կա'մ ռազմական ճանապարհով:

Zaman-ի փոխանցմամբ` ադրբեջանական «Խազար» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Էրդողանը կրկին անդրադարձել է այս թեմային` ասելով, թե եթե Հայաստանը շարունակի նման մոտեցում ցուցաբերել, ապա հնարավոր չի լինի նորմալացնել հարաբերությունները այդ երկրի հետ: Նա ասել է, թե Հայաստանի ղեկավարի խոսքերը ցույց են տալիս, որ նա խաղաղության մտադրություն չունի:

«Հայաստանի կողմից նման մոտեցումը ցույց է տալիս պետության պաշտոնական դիրքորոշումը, եւ դա խաղաղության հասնելու ցանկություն չէ», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Ասելով, թե Թուրքիան ճնշման տակ էր Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում, Էրդողանը կրկնել է, որ առաջինը պետք է լուծվի Ադրբեջանի հետ խնդիրը, հետո իրենք կբացեն սահմանը:

Հայաստանի նախագահի խոսքերին արձագանքել է նաեւ Թուրքիայի պետնախարար, Եվրամիության հետ երկրի գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշը: Նա ասել է, թե Սարգսյանի խոսքերը ցույց են տալիս, որ նա չհասկացավ իր երկրին Թուրքիայի մեկնած խաղաղության ձեռքը:

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը Բաղիշը ասել է, թե Սարգսյանի արածը «ինքն իր ոտքին կրակել էր»: «Նա չգիտի իր տեղը, մենք հույս ունենք, որ Սարգսյանի այս մոլորությանը լավագույն պատասխանը կտրվի հայ երիտասարդների կողմից», - հայտարարել է նա` հավելելով, թե Թուրքիայի հայ համայնքը եւս ծայրահեղ մտահոգված է Հայաստանի նախագահի հայտարարություններից:

Ավելի վաղ դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայի արտգործնախարարությունը:

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի ելույթի կապակցությամբ Թուրքիայում բարձրացված հիստերիան շինծու է:

Հուլիսի 23-ին Ծաղկաձորում կայացած հանդիպման ժամանակ պատասխանելով Հայոց լեզվի, գրականության եւ հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցներից մեկի հարցին` «... մեզ սպասվում է ապագա, որը հիշեցնելու է Բաթումի պայմանագի՞րը, որի ժամանակ մի գերմանացի դիվանագետի վկայությամբ՝ մեզ Սեւանում լողանալու տեղ թողեցին, սակայն չորանալու տեղ չթողեցին, թե՞ ապագա, որը մեզ կվերադարձնի Արեւմտյան Հայաստանը` Արարատով հանդերձ», Սերժ Սարգսյանը, նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, մասնավորապես, ասել էր. - «Այդ ամբողջը կախված է քեզնից եւ քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջեւ դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որեւէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, եւ այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Եթե դու եւ քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, եւ սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, եւ մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան»: