Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի հաստատման հարցը Սենատի հանձնաժողովում հետաձգվեց

Սենատոր Ռոբերտ Մենենդես

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆերնի հաստատման հարցը տեղափոխել է իր հաջորդ նիստ:

Ինչպես հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը, համապատասխան առաջարկով հանդես է եկել հայամետ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, եւ հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին ընդունել է այն:

Ամերիկայի հայկական համագումարը, վկայակոչելով իր աղբյուրը, փոխանցում է, որ, ամենայն հավանականությամբ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հաջորդ աշխատանքային նիստը կհրավիրվի միայն սեպտեմբերին:

Ամերիկայի հայկական երկու լոբբիստական կազմակերպությունները ողջունում են Մենենդեսի քայլը եւ նրան շնորհակալություն հայտնում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջադրված թեկնածությունը ուսումնասիրելու համար սենատորներին հավելյալ ժամանակով ապահովելու համար:

Սենատի հանձնաժողովում մոտ երկու շաբաթ առաջ կայացած լսումների ժամանակ Ռոբերտ Մենենդեսը Հեֆերնին հարց էր ուղղել Օբամայի վարչակազմի` Հայոց ցեղասպանությունը պատշաճ ձեւով չճանաչելու վերաբերյալ, ինչին ի պատասխան` դիվանագետը խոսել էր Օսմանյան կայսրության մայրամուտին ավելի քան մեկեւկես միլիոն հայերի սպանության մասին, սակայն խուսափել այդ իրադարձությունները ցեղասպանություն որակելուց: