Նախագահը դիտել է Սարյանի կանացի դիմանկարների ցուցադրությունը

Նախագահ Սերժ Սարգսյանը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, 26 հուլիս, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ երեքշաբթի օրը այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան եւ դիտել նկարչի վրձնած կանացի դիմանկարների ցուցահանդեսը:

«Կնոջ կերպարը Սարյանի արվեստում» խորագրով ցուցահանդեսը բացվել էր տասն օր առաջ` թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի նախաձեռնությամբ:

Ցուցահանդեսում ներկայացված չորս տասնյակի հասնող դիմանկարները շատ տարբեր են: Մարտիրոս Սարյանը նկարել է իր մորը, կնոջը` տարբեր ժամանակներում, հայտնի դերասանուհիների, երգչուհիներին, բանաստեղծուհիների, իր զարմուհիների եւ այլ կանաց: Դիմանկարներից յուրաքանչյուրը մի բացառիկ աշխատանք է` խորը հոգեբանական ապրումներով, հուզականությամբ եւ վառ անհատականության կնիքով:

Ցուցահանդեսը դիտելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը շրջեց տուն-թանգարանի մյուս ցուցասրահներում, դիտեց մշտական ցուցադրությունը, զրուցեց թանգարանի տնօրենի եւ Սարյանի մյուս ժառանգների հետ:

Նախագահի հեռանալուց հետո Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողներին տեղեկացրեց, թե թանգարանի խնդիրների հետ կապված ինչ հարցեր են քննարկվել նախագահի հետ:

«Խոսվեց այն բոլոր աշխատանքների մասին, որ կատարվել են, եւ, բնականաբար, այն բոլոր խնդիրների մասին, որոնք այսօր թանգարանում առկա են: Դրանք կապված են հիմնանորոգման, լրացուցիչ որոշակի շինարարություն կատարելու եւ թանգարանի 45-ամյա հոբելյանը պատշաճ մակարդակով նշելու հետ: Նախագահը տվեց հստակ հանձնարարականներ ներկայացված խնդիրների լուծման ուղղությամբ: Համապատասխան հանձնարարական կլինի նաեւ գլխավոր ճարտարապետին, որովհետեւ կան մի շարք ճարտարապետական խնդիրներ, որոնց պետք է լուծում տալ», - ասաց Հասմիկ Պողոսյանը:

Հնարավոր է անգամ, որ թանգարանի հետ կապված շինարարական աշխատանքները սկսվեն այս տարվա սեպտեմբերից:

«Տնօրենը հարց բարձրացրեց, որ անավարտ է եւ ընդհանրապես ճարտարապետորեն ոչ պատշաճ լուծում է տրված շենքին, եւ հենց այդ հատվածով գլխավոր ճարտարապետը կստանա համապատասխան հանձնարարական», - տեղեկացրեց Մշակույթի նախարարը:

Թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով թանգարանի խնդիրների մասին, ասաց, որ ամենակարեւորը թանգարանի նոր ցուցասրահների եւ պահոցների հարցն է, որպեսզի կարողանան պատշաճ պահպանել եւ ներկայացնել Սարյանի հանճարեղ կտավները: Թանգարանի տնօրենը նաեւ առանձնացրեց տուն-թանգարանի 4-րդ հարկում նոր ցուցասրահ ունենալու անհրաժեշտությունը:

«Չնայած որ մեր թանգարանը վերանորոգվեց Լինսի ծրագրով 2001-02 թվականներին, բայց մնացին բազմաթիվ խնդիրներ` թանգարանի շենքի հետ կապված: Մեր գերագույն երազանքն է 4-րդ հարկ ունենալը, որովհետեւ մեր դահլիճները բավական փոքր են: Սարյանի արվեստը այնքան մեծ արժեք է իրենից ներկայացնում, որ թանգարանը մի քիչ կամերային է: Եթե մենք ունենանք առանձին ցուցադրության մեծ դահլիճ, կկարողանանք յուրաքանչյուր թեմատիկ ցուցադրություն կազմակերպելիս չապամոնտաժել մեր հիմնական ցուցադրությունը, այլ առանձին տեղում դա ցուցադրել», - ասաց Ռուզան Սարյանը:

Your browser doesn’t support HTML5

Նախագահը դիտել է Սարյանի կանացի դիմանկարների ցուցադրությունը