Խորհրդարանական ընդդիմությունը քննադատում է ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը

Խորհրդարանական ընդդիմության` ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կասկած հայտնեցին իշխանական կոալիցիայի եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի միջեւ ընթացող երկխոսության արդյունավետության կապակցությամբ:

Ընդգծելով, որ խոսքն ամենեւին ներքաղաքական գործընթացներից մեկուսանալու հետ կապված խանդի մասին չէ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, մասնավորապես, ասաց. - «Երբ խոսում ենք երկխոսության մասին, մենք պետք է քաջ գիտակցենք, որ սա երկու կողմից էլ ընդամենը ձեւ է, որպեսզի պահպանեն իրենց «դոմինանտությունը» քաղաքական կյանքում այն առումով, որ իբր իրենք են թելադրողները հասարակական-քաղաքական կյանքում որոշակի բաներ եւ հերթական ընտրություններում որոշակի պաշար ունենալու նպատակով պահպանեն այդ տեմպը»:

Երբ քննության ենք առնում երկխոսող կողմերի հայտարարություններն այն մասին, որ այս գործընթացը նպատակ ունի քաղաքական ներուժի համախմբմամբ լուծել համազգային կարեւորության խնդիրներ, ապա արդյո՞ք սա հենց այն ձեւաչափն է, որը տալիս է այդ հնարավորությունը, հարց հնչեցրեց Արծվիկ Մինասյանը` եւ պատասխանեց. - «Ես խորը կասկած ունեմ»:

«Ես հավատացած եմ, որ այս երկխոսությունը ոչ մի տեղ էլ չի գնալու: Հանկարծ տպավորություն չլինի, որ մենք նախանձում ենք, կամ խանդում ենք», - շարունակեց դաշնակցական պատգամավորը: - «Շատ լավ ճանաչում ենք երկու կողմերին էլ: Երկուսի քաղաքական դիմագծերն էլ գիտենք, իրենց տեսակետներն էլ գիտենք, որոնք մեծ հաշվով եւ շատ մեծ հարցերում համընկնում են»:

Երկխոսության ընթացքը գնահատելու խնդրանքին ի պատասխան` «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն ասաց. - «Ես սերիալներ չեմ նայում, առավել եւս` հայկական: Իրական երկխոսության լավագույն ուղին դա այն է, ինչ որ մենք բարձրաձայնում ենք 2007 թվականից. ընդդիմությունը պետք է ունենա վերահսկողական լուրջ լծակներ, եւ դրանից լավ երկխոսություն հասարակության համար, պետության համար չի կարող լինել»:

Your browser doesn’t support HTML5

Խորհրդարանական ընդդիմությունը քննադատում է ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը