Հուլիսի 23-ի մամուլ

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Օշականում մտավորականների հետ արտագաղթի թեմայով հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը քաղաքական մակարդակում Ռուսաստանի հետ լուծելու է Ռուսաստանի Դաշնության «Համերկրացիներ» ծրագրի հարցը: Զարմանալին, սակայն, այստեղ Հայաստանի իշխանության վերաբերմունքն է, որը բավական չէ տարիներ շարունակ լռում է այդ երեւույթի կապակցությամբ, իսկ բազմաթիվ ահազանգերից եւ քննադատություններից հետո էլ ոչ թե ռուսներին միարժեք մերժում է այդ հարցում եւ արգելում Հայաստանում «Համերկրացիներ» ծրագիր իրականացնել, կամ եթե իրականացնել, ապա միայն ազգությամբ ռուսների հանդեպ, այլ ընդամենը քաղաքական քննարկումներ է սկսում այդ թեմայով: Իսկ թե ինչ է նշանակում հայ - ռուսական քաղաքական քննարկում, մենք թերեւս այս տարիների ընթացքում լավ ենք սերտել: Դա նշանակում է, որ ռուսները այդ քննարկման ընթացքում ինչ-որ բան են պահանջելու Հայաստանից, որ կատարեն Հայաստանի խնդրանքը: Այլ կերպ ասած` ռուսներն ասելու են տվեք մեզ այսինչը կամ այնինչը, կամ արեք մեզ համար այս կամ այն բանը, որ մենք չդատարկենք ձեր երկիրը: Ահա դա է հայ - ռուսական քաղաքական քննարկումներ ասվածը»:

«Հայոց աշխարհ»-ի թղթակիցը Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանին հարցնում է. - «Արդարացվա՞ծ է մտավախությունը, որ ՀԱԿ-ի հետ երկխոսություն ձեռնարկելով` իշխանությունը դաշտից դուրս է մղում մյուս քաղաքական ուժերին»: Պատասխան. - «Մենք համաձայնել ենք երկխոսություն սկսել ՀԱԿ-ի հետ, բայց նույն երկխոսությունը պատրաստ ենք ծավալել նման պահանջ ներկայացնող ցանկացած ընդդիմադիր ուժի հետ: Ակնհայտ է, որ ձեր նշած մտավախությունը, օրինակ, Դաշնակցությունը չունի: Եվ դա բնական է, քանի որ 120 տարի ակտիվ քաղաքական գործունեություն ծավալած ուժին ոչ մի բան չի կարող լուսանցք մղել: Նույնքան բնական է, որ շատ ավելի պակաս փորձ եւ կարճ կենսագրություն ունեցող ուժերը, այդ թվում` նաեւ խորհրդարանական «Ժառանգությունը», ցանկացած դեպքում դեռ պետք է կարողանան հաստատել իրենց տեղն ու դերը քաղաքական դաշտում: «Ժառանգությունը», օրինակ, հացադուլ, խոսադուլ եւ գործադուլ արեց, բայց նախընտրեց երկխոսել ոչ թե իշխանության, այլ հանրության հետ: Այնպես որ, այստեղ ՀԱԿ-ի հետ երկխոսությունը ոչ մի նշանակություն չունի»:

«Երկիր»-ը գրում է. - «Իշխանությունը հայտարարում է, թե բացառում է արտահերթ ընտրությունների անցկացումը: Մինչդեռ Կոնգրեսն իր հերթին պնդում է, որ բանակցությունների միակ օրակարգային հարցը հենց արտահերթ ընտրությունների անցկացումն է համարում: Ստացվում է, որ կողմերից մեկն ու մեկը ստում է. կամ կոալիցիոն պատվիրակությունն է լիազորված բանակցել արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ, բայց չի համարձակվում այդ մասին բարձրաձայնել` իշխանության թուլությունը չմերկացնելու եւ քաղաքական թիմում ճեղքվածքներ չառաջացնելու համար, կամ Կոնգրեսն է համաձայնել` քննարկել արտահերթ ընտրություններն այլընտրանքային լուծումներով փոխարինելու հարցը, բայց իր հերթին չի համարձակվում այդ մասին հրապարակավ խոսել` խուսափելով անսկզբունքայնության մեջ մեղադրվելուց: Ցանկացած դեպքում նրանք թաքցնելու բան ունեն»:

Lragir.am-ի մեկնաբանը գրում է. - «Երբ հիշատակվում է Տեր-Պետրոսյան - Սարգսյան ֆորմատի մասին, առաջանում է նրանց մեջտեղում գտնվող Ռոբերտ Քոչարյանի հարցը: Խնդիրն այստեղ ամենեւին էլ նախագահական «երրորդության» ամբողջացումը չէ, այլ կոնկրետ քաղաքական իրավիճակը: Բանն այն է, որ ներքաղաքական երկխոսության առանցքում Քոչարյանի գործոնը կա եւ կլինի առնվազն այն պարզ պատճառով, որ կա Մարտի 1-ի հարց: Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարող հանգիստ հետեւել երկխոսությանը, պատկերացնելով այդ հեռանկարը: Իսկ կարո՞ղ է արդյոք Սերժ Սարգսյանը երկխոսությամբ հանգիստ հանձնել իշխանությունը, պատկերացնելով այդ հեռանկարը Ռոբերտ Քոչարյանի մասով, առավել եւս, որ դեռ հարց է, թե Մարտի 1-ն իր մասով ինչ հեռանկար կարող է ունենալ: Կասկած չկա, որ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության հարցը լինելու է Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի երկխոսության առանցքային հարցերից մեկը, եթե իհարկե երկխոսությունը ընթանալու է իշխանափոխության շուրջ, ինչպես հավաստիացնում է Կոնգրեսը: Եվ կասկած չկա, որ երաշխիքներ չստանալու դեպքում, Ռոբերտ Քոչարյանը ձեռնամուխ է լինելու ակտիվ գործողությունների, սեփական անվտանգության ապահովման համար: Կամ էլ նա կհեռանա երկրից, մինչ երկխոսության ավարտը: Այսպես, թե այնպես, կարծես թե ստացվում է մի վիճակ, երբ Ռոբերտ Քոչարյանն էլ դառնում է ներքաղաքական երկխոսության կարեւոր ինդիկատոր»:

«Առավոտ»-ը զրուցել է վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ի՞նչ եք կարծում, միջազգային հանրության այս ուշադրության եւ [Լեռնային Ղարաբաղի] խնդիրը լուծված տեսնելու շահագրգռվածության պայմաններում Կազանին հաջորդելիք հանդիպումն ավելի արդյունավե՞տ կլինի»: Պատասխան. - «Ես չեմ տեսնում որեւէ հնարավորություն Լեռնային Ղարաբաղի հարցում ինչ-որ լուրջ փոփոխությունների համար: Իրականում հարցն այն չէ, թե որքանով Արեւմուտքը կամ գերտերությունները կհանդուրժեն ստատուս քվոն, այլ այն, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքանով դա կհանդուրժեն: Երկու բան հստակ է. առաջինն այն է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ, եւ երկրորդը` Ադրբեջանն է միակ խնդիրն ու վտանգը տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար, եւ Արեւմուտքի համար հենց սա է խնդիրը»:

Հուլիսի 23-ի մամուլ

Your browser doesn’t support HTML5

Հուլիսի 23-ի մամուլ