Հայաստանում ամուսնությունների թիվն աճել է

Ամուսնություն Գառնիում հեթանոսական ծեսով, արխիվային լուսանկար

2000 թվականին գրանցվել է ամենացածր ցուցանիշը՝ 10 հազար 988 ամուսնություն:
2000 թվականից հետո Հայաստանում աճել է ամուսնությունների թիվը:

Եթե 1990 թ.-ին հանրապետությունում գրանցվել էր 28 հազարից ավելի ամուսնություն, ապա 1995 թվականին դրանց թիվը մոտ 13 հազարով նվազել է: 2000-ին գրանցվել է ամենացածր ցուցանիշը՝ 10 հազար 988 ամուսնություն:

«2000 թվականից հետո արդեն քիչ-քիչ ամուսնության գրանցման դեպքերը ավելացան եւ 2007, 2008, 2009 թվականներին ավելի քան 18 հազար ամուսնության դեպքեր են գրանցվել», - ասում է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

90-ականներին ամուսնության միջին տարիքը տղամարդկանց համար 27-ն էր: Վերջին երեք տարիներին այն աճել է մինչև 29 տարեկան, իսկ կանանց համար 22-ն էր, որը վերջին տարիների տվյալներով դարձել է 25 տարեկան:

Ըստ վիճակագրության՝ որքան ավելանում է ամուսնացողների թիվը, այդքան ավելի շատ ամուսնալուծությունների դեպքեր են գրանցվում:

«2000 թվականին ամուսնալուծությունները 1343 էին, վերջին երեք-չորս տարիներին էլ դրանց թիվը կազմել է մոտ 3 հազար», - ասում է Կարինե Կույումջյանը:

Ամբողջ աշխարհում 1950-ական թվականներից գործում են ամուսնական գործակալություններ, որոնց օգնությամբ տղամարդիկ եւ կանայք փորձում են գտնել իրենց երկրորդ կեսին: Ըստ Երեւանում գործող ամուսնական գործակալություններից մեկի տնօրեն Իլոնա Բաղիշյանի` հայ տղամարդիկ նախընտրում են նիհար կանանց:

«Իսկ կանայք պահանջում են, որ տղամարդը լինի բնակարանով, մեքենայով, աշխատանքով ապահովված: Առանց աշխատանքի տղամարդկանց հետ աղջիկները չեն ցանկանում ծանոթանալ», - ասում է Բաղիշյանը:

Հաճախորդները երբեմն խնդրում են, որ իրենց ընտրյալը նման լինի այս կամ այն հայտնի անձնավորությունը: Բաղիշյանի խոսքով` գործակալություն են դիմում մինչեւ 80 տարեկան հաճախորդներ:

«Մեծ տարիքում ավելի ես մենակությունը զգում: Մեզ մոտ գալիս են կանայք եւ տղամարդիկ, ովքեր ասում են, որ պարզապես ուզում են սուրճի ընկեր ունենալ» , - նշում է ամուսնական գործակալության տնօրենը:

Your browser doesn’t support HTML5

Հայաստանում ամուսնությունների թիվն աճել է