Հայաստանը «քաղաքական մակարդակում» կլուծի «Համերկրացիներ» ծրագրի խնդիրը

Հայ աշխատանքային միգրանտները օդանավակայում, արխիվային լուսանկար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Օշականում ուրբաթ օրը հանդիպել է մեծ ծավալներ ստացած արտագաղթի սպառնալիքի մասին ահազանգող մտավորականների հետ:

Մտավորականները այս ամսվա սկզբին վարչապետին եւ Ազգային ժողովի նախագահին հասցեագրված նամակում ասել էին, թե «արտագաղթը Հայաստանից վերածվում է տնտեսական եւ ազգային աղետի»:

Հայաստանի գրողների միության անդամների եւ մտավորականների հետ հանդիպման ժամանակ վարչապետը հայտարարեց, որ կառավարությանը եւս մտահոգում է Ռուսաստանի «Համերկրացիներ» ծրագրով Հայաստանից Ռուսաստան մեկնելու գործընթացը:

«Համերկրացիներ» ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի քաղաքացիներին ընտանիքներով մեկնել Ռուսաստան, ստանալ այդ երկրի քաղաքացիություն եւ մշտական աշխատանք: Վերջին 4 տարիների ընթացքում «Համերկրացիներ» ծրագրին մասնակցելու նպատակով դիմել է 26 հազար մարդ, սակայն վերաբնակչի կարգավիճակով Ռուսաստան մեկնել է 1500-ը։

Տիգրան Սարգսյանը ասաց, որ հանրապետության նախագահի հանձնարարականով այս հարցը քննարկվել է Ռուսաստանի Ռոստով քաղաքում կայացած հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում:

«Մենք մեր ռուս գործընկերների ուշադրությունը հրավիրել ենք այս հանգամանքի վրա, որ Հայաստանի Հանրապետությունում այդ ծրագիրը այդ ստանդարտներով չի կարելի իրականացնել, եւ այս խնդիրը դառնալու է միջպետական մակարդակով քննարկումների առարկա, արձանագրվել է մեր հանդիպման ժամանակ եւ մենք պետք է քաղաքական մակարդակում այս խնդիրը լուծենք», - ասաց վարչապետը:

Ազգային ժողովի նախագահին եւ վարչապետին հասցեագրված բաց նամակին միացած բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մեջբերելով միջազգային կազմակերպությունների կողմից անցկացված հարցման արդյունքները, ասում էր, թե Հայաստանի բնակչության 40-44 տոկոսը իր ապագան Հայաստանում չի տեսնում:

«Իմ տպավորությամբ սա տագնապալից խնդիր է, վարչապետը արձագանքեց հարցին, բայց ես չգիտեմ կառավարությունում այդ տագնապը կա, թե ոչ», - ասաց Եղիազարյանը:

Վարչապետը մտավորականների հետ հանդիպմանը նշեց, որ իրենք եւս տագնապած են: Նրա խոսքով` կառավարության կողմից անցկացված ուսումնասիրությունները վկայում են, որ միգրացիայի շարժառիթում երկու հիմնական գործոն կա` առաջինը աշխատանքի բացակայությունն է, ինչի մասին շեշտել է կառավարության կողմից հարցվածների 40 տոկոսը:

«Հիմնական մասը դա բացատրում է աշխատատեղի բացակայությամբ, մասնավորապես, այնպիսի աշխատատեղի, որ նա կարողանա արժանավայել իր կյանքը կառուցի Հայաստանի Հանրապետությունում», - ասաց վարչապետը:

Երկրորդ գործոնը բավարար կենսամակարդ ունենալու համար միջոցների բացակայությունն է, որի մասին նշել է հարցվածների 32 տոկոսը: Սարգսյանի ներկայացմամբ` կա եւս մեկ գործոն` բարոյահոգեբանական գործոնը:

«Բարոյահոգեբանական մթնոլորտը, որ տիրում է երկրում, արժեքային համակարգով, որով մեր հասարակությունը այսօր առաջնորդվում է, եւ շատերը չեն համակերպվում այդ վիճակի հետ եւ որոնում են այլ հասարակություններ», - ասաց Տիգրան Սարգսյանը:

Հանդիպմանը ներկա տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, անդրադառնալով նաեւ կապիտալի արտահոսքին, վարչապետին հարցրեց, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում կառավարությունն այս ուղղությամբ:

«Մարդիկ են գնում, որոնց հետ նաեւ կապիտալն է արտահոսում երկրից: Սա մեր նման երկրի համար ցավալի է, որովհետեւ տնտեսությունը զարգացնելու համար մենք կարիք ունենք ֆինանսական ռեսուրսների, միեւնույն ժամանակ` ժամանակավորապես «ազատ» ֆինանսական ռեսուրսները երբեմն կամ հաճախ իրենց տեղը չունենալով, արտահոսում են», - ասաց Մանասերյանը:

Ի պատասխան, վարչապետը տեղեկացրեց, որ կառավարությունը պարբերաբար ուսումնասիրություններ է կատարում` պարզելու իրավիճակը:

«Կենտրոնական բանկը այս գործառույթը իրականացնում է բավականին պրոֆեսիոնալ մակարդակով, եւ մենք պատկերացումներ ունենք, թե ինչպիսին է իրավիճակը Հայաստանում: Այդ տեսակետից ահագնացող երեւույթներ չունենք», - վստահեցրեց վարչապետը:

Your browser doesn’t support HTML5

Հայաստանը «քաղաքական մակարդակում» կլուծի «Համերկրացիներ» ծրագրի խնդիրը