Ավարտվեց «Մաշուկ 2011» հյուսիսկովկասյան երիտասարդական ֆորումը

Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում կայացած «Մաշուկ 2011» հյուսիսկովկասյան երիտասարդական ֆորումին Հայաստանը ներկա էր հյուրի կարգավիճակով:
Այսօր ասուլիսին ֆորումի արդյունքների մասին պատմեցին հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Քոչարյանը եւ պատվիրակության մասնակից Հայկ Խալաթյանը:

«Ֆորումի նպատակն էր միավորել երիտասարդությանը, կարծիքներ փոխանակել, տարբեր տիպի ծրագրեր ներկայացնել, որպեսզի ապագայում փորձել մեղմել լարվածությունը տարածաշրջանում», - ասում է հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Քոչարյանը:

Ֆորումի մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացնում էր իր երկրի պատմությունը, մշակույթը, քաղաքականությունը, ինչպես նաեւ սեփական նախագծերը տվյալ թեմայի շրջանակներում:

Երկշաբաթյա ֆորումն անցկացվել է երկու փուլերով, Հայաստանը մասնակցում էր երկրորդ փուլին, որի թեմաներից էր «Լրագրություն եւ բլոգերներ»: Չնայած հայկական պատվիրակությունը հրավիրված էր որպես հյուր եւ նախագիծ չէր ներկայացնում, բայց անցկացրեց շնորհանդեսներ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին:

«Նաեւ պատմեցինք, թե ինչ հաջողությունների ենք հասել տարբեր բնագավառներում: Դա մեծ հետաքրքրություն առաջացրեց բոլորի մոտ», - ասաց Տիգրան Քոչարյանը:

Ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել բրեյն-ռինգի առաջնություն, որը կազմակերպվել է հայերի նախաձեռնությամբ:

«Եզրափակիչում հանդիպեցին Հյուսիսային Օսեթիայի եւ Դաղստանի թիմերը, հաղթեց Հյուսիսային Օսեթիան, բայց երկու թիմերում էլ լավ խաղացովների թվում հայեր կային», - ասաց Հայկ Խալաթյանը:


Your browser doesn’t support HTML5

Ավարտվեց «Մաշուկ» 2011 հյուսիսկովկասյան երիտասարդական ֆորումը