Մոսկվայում հանդիպում են Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները

Սերգեյ Լավրով եւ Էլմար Մամեդյարով, արխիվային լուսանկար

Երկուշաբթի օրը Մոսկվայում հանդիպում են Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Էլմար Մամեդյարովը:

Հանդիպմանը հաջորդելու է համատեղ ասուլիսը, որից սպասումները մեծ են. հավանական է, որ Մամեդյարովը իր հետ Մոսկվա է բերել պաշտոնական Բաքվի պատասխանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի գրավոր ուղերձին:

Ավելի վաղ այդ ուղերձը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին էր փոխանցել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

«Մենք ակնկալում ենք, որ պաշտոնական Բաքվի պատասխանը Մեդվեդեւի առաջարկներին իր հետ Մոսկվա կբերի արտգործնախարար Մամեդյարովը», - Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնական այցի նախօրեին ասել էր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը:

Մոտ երկու շաբաթ առաջ` հուլիսի 6-ին, Մոսկվայում նույն ձեւաչափով հանդիպումներ էր ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա այցից հետո Լավրովը Երեւան եւ Մոսկվա էր բերել Մեդվեդեւի գրավոր ուղերձը` ղարաբաղյան խնդրի կարգավորման հետագա գործընթացի` Ռուսաստանի նախագահի տեսլականը: Այնուհետեւ Ռուսաստանի արտգործնախարարությունը Twitter-ում իր էջում գրել էր, որ «որոշումներ կայացնելու ժամանակը եկել է»:

Կազանյան` մեկնաբաններից շատերի կարծիքով` «տապալված» հանդիպումից հետո բանակցային գործընթացը նոր թափ է առել: Ղարաբաղյան խնդիրը քննարկել են տարբեր մայրաքաղաքներում, այդ թվում նաեւ Վաշինգտոնում: Միացյալ Նահանգներ պաշտոնական այցով մեկնած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ընդունելիս ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոսել էր Ղարաբաղից` ասելով, մասնավորապես, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում շրջանակային պայմանագիրը համաձայնեցնելու մտադրությանը: