Հուլիսի 15-ի մամուլ

Անդրադառնալով դատաիրավական խնդիրների շուրջ նախագահ Սարգսյանի մոտ օրերս տեղի ունեցած խորհրդակցությանը` «Երկիր»-ը գրում է. - «Դատաիրավական համակարգի շուրջ հանրապետության նախագահն այս տարվա ընթացքում խորհրդակցություն է անցկացնում արդեն երկրորդ անգամ: Առաջինը տեղի էր ունեցել ապրիլին, որի ընթացքում նա հրահանգել էր վերսկսել մարտի 1-ի գործի քննությունն ու առավել մանրակրկիտ անդրադառնալ գործի հանգամանքներին: Բացի դրանից, նա բարձրացրել էր օրենսդրական ոչ հստակ կարգավորումների պարագայում իրավակիրառական պրակտիկայի խիստ հակասականության հարցը եւ պահանջել քայլեր ձեռնարկել նվազեցնելու այն դեպքերը, երբ դատական վճիռներն ու որոշումները շեղվում են ընդհանուր պրակտիկայից: Որքանով են նախագահի այս դիտարկումները կյանքի կոչվել եւ ինչ քայլեր են կատարվել այդ ուղղությամբ, դեռեւս պարզ չէ, որովհետեւ դատաիրավական համակարգում առկա խնդիրներին նվիրված երկրորդ խորհրդակցության ժամանակ, որը տեղի ունեցավ հունիսի 13-ին, ոչ այնքան այդ հարցերի պատասխանները տրվեցին, որքան նախագահի կողմից նոր խնդիրներ առաջադրվեցին»:

Թերթն այնուհետեւ գնահատում է. - «Առհասարակ այնպիսի տպավորություն է, թե խնդիր է դրվել խորհրդակցությունները վերածել PR արշավի` ցույց տալու համար, թե նախագահը որքան մտահոգ է դատաիրավական համակարգում առկա իրավիճակից եւ թե ինչպիսի հետեւողականություն է ցուցաբերում առկա հիմնահարցերը լուծելու ուղղությամբ: Ապրիլից հետո այդ ոլորտում որեւէ էական տեղաշարժ չի արձանագրվել, ինչպես չի արձանագրվել տարվա ընթացքում նախագահի հետաքրքրության տիրույթում հայտնված որեւէ այլ ոլորտում»:

«Հայկական ժամանակ»-ը մի քանի հարց է ուղղել նախագահի հրամանագրով օրերս պաշտոնանկ եղած դատավոր Սամվել Մնացականյանին: Մնացականյանի պաշտոնանկությունը, հիշեցնենք, հարուցել էր փաստաբանական շրջանակների բողոքը, քանի որ նրանցից շատերի պնդմամբ` դրա առնչությամբ համարժեք պատճառաբանություն չեղավ: Թերթը հարցնում է. - «Մասնավոր զրույցներում ե՞ւս իրենք չեն ասել, թե որն է ձեր նկատմամբ նման տրամադրվածության պատճառը»: Պատասխան. - «Մասնավոր զրույցներ աշխատել եմ չունենալ, որ հետո չասեն` ես ցանկություն եմ ունեցել ազդել իրենց որոշման վրա: Ես ամեն դեպքում հավատում էի, որ եթե կարգապահական հանձնաժողովի անդամների ձայները միասնական չեն, հետեւաբար հնարավոր չէ հարցին ամենակոշտ ձեւով վերջնական լուծում տալ: Եթե նման ձեւով են մոտենում հարցին, նշանակում է` այն մարդիկ, ովքեր ինձ հետ համաձայն են եղել, իրենք էլ պետք է հրաժարական տան: Կոպիտ ասած, նույն պատժին արժանանան»: Հարց. - «Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ մինչեւ ձեր պաշտոնանկության մասին Սերժ Սարգսյանի հրամանագրի հրապարակումը տվյալ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը կարճվեց (հուլիսի 7-ին եղել է կարճման որոշումը, հուլիսի 11-ին` հրամանագիրը), բայց այդ հանգամանքը խնդրի ելքի վրա չազդեց»: Պատասխան. - «Իրենք բոլորն էլ գիտեին, որ այդ մարդը անմեղ է, եւ որեւէ մեկն այդ հարցը չի վիճարկել, նրա անմեղության հետ կապված խոսակցություններ չեն եղել»:

«Ժամանակ» թերթը գրում է. - «Ինչո՞ւ չեն հանդարտվում ղարաբաղյան գործընթացի շուրջ բորբոքված կամ աշխուժացած կրքերը: Այս հարցը թերեւս շատերն են այսօր տալիս իրենք իրենց, նաեւ բարձրաձայն, ու պատասխան, որպես այդպիսին, կարծես թե չկա: Չկա, որովհետեւ գործընթացը հակամարտության կարգավորման ծիրում կարծես թե ստացել է տարերային բնույթ եւ կարծես թե համանախագահ երկրները ինչ-որ բանի համար շտապում են, ինչ-որ բանի համար վախենում են, տագնապում: Ընդհանրապես անհասկանալին գործընթացում բավական ավելացել է: Օրինակ` անհասկանալի է, թե ինչո՞ւ հանկարծ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը որոշեց իր կառավարության նիստի ընթացքում հիշել, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների լրացումները, եթե նկատի ունենանք, որ դրանք կարծես թե արդեն անցած էտապ են: Ինչո՞ւ հանկարծ Սերժ Սարգսյանը որոշեց երիտասարդ սպաների հավաքի ընթացքում հայտարարել, թե միջազգային հանրությունը կարգավորման համար ճնշում չի գործադրում կողմերի վրա: Ինչո՞ւ է Ռուսաստանը Կազանից հետո այդպես ոտք ու ձեռք ընկել, ինչո՞ւ ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան չեն փորձում նույն դինամիկայով աջակցել նրան՝ չէ՞ որ երեքով ավելի հեշտ կլիներ: Իրավիճակն իսկապես անհասկանալի է, ու այդ իրավիճակում նաեւ խոսվում է հասարակություններին խաղաղության պատրաստելու անհրաժեշտության մասին»:

«Հայոց Աշխարհ» թերթին հարցազրույց է տվել Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը: Լրագրողը հարցնում է. - «Համաշխարհային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի տարատեսակ դրսեւորումները դեռ շարունակվում են, եւ աշխարհի անգամ ամենահզոր լիբերալ տնտեսությունները շրջահայացորեն կիրառում են տնտեսության կառավարման սոցիալիստական մեխանիզմներ»: Պատասխան. - «Մեր երկրում նման առաջընթաց առ այսօր չկա: Մեր կառավարությունը ոչ թե հապաղում է, այլ շատ հեռու է սոցիալիստական մեթոդների ներմուծման գաղափարից: Կարծում եմ, դրա պատճառն այն է, որ դժվար է հստակ պնդել, թե մեր երկրում տնտեսական որ համակարգն է գործում: Հայաստանում ներդրված լիբերալ համակարգն ի սկզբանե սարսափելի մուտացիաներ է ունեցել, որոնց հետեւանքը ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակն է: Նախեւառաջ անհրաժեշտ է, որ վերացվեն բոլոր օլիգարխիաները եւ տնտեսական մենաշնորհները: Բոլոր տնտեսավարողների համար պետք է ապահովել նույն, հավասար մրցակցային պայմանները»:

Your browser doesn’t support HTML5

Հուլիսի 15-ի մամուլ